ՀՀ գործող իշխանություններն այսօր պատրաստ են ցանկացած քայլի՝ վերընտրվելու համար, իսկ արտաքին խաղացողներին էլ աջակցության դիմաց հակառուսականություն են վաճառում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ մեկնաբանելով հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները և ռուսական կողմից հնչած վերջին հայտարարությունները։
«Ինձ թվում է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը հենց դրանով է բացատրվում․ ռուսական կողմը փորձում է բացատրել, որ պետք չէ դառնալ հակառուսականության գործիք այլ ուժային կենտրոնների համար։ Սա չի նշանակում, թե մենք ռուսական կողմից պետք է գործիք լինենք այլ կենտրոնների դեմ, այլ պետք է փորձենք որոշակի չեզոքություն պահել, որովհետև փոքր երկրների վրա այս ամենը չգիտես, թե ինչպես կարող է անդրադառնալ»,- ասաց Խալաթյանը։
Նա նշում է` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, լինելով փոքր երկրներ, չեն կարող տարածաշրջանում Ռուսաստանին հակակշիռ լինել, լուրջ ազդեցություն ունենալ։ Փաստացի ԵՄ–ն աջակցում է Թուրքիային, քանի որ տարածաշրջանում Թուրքիայի դերի ուժեղացումը նշանակում է Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացում։
Խալաթյանի խոսքով՝ այսօր Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ լարված հարաբերություններ են Ռուսաստանի և Եվրոպայի միջև. երկու կողմերն էլ բացահայտ խոսում են պատերազմի հնարավորության մասին։ Եվրամիությունը տնտեսական միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, զարգացնում է ուժային կոմպոնենտը` մեծ ռեսուրսներ ծախսելով դրա համար։
ԵՄ–ում բացահայտ ասում են՝ «Ռուսաստանը մեր թշնամին է», պատրաստվում են պատերազմի, անգամ ժամկետներ են պարբերաբար հնչում, ու այս ամենին զուգահեռ Ռուսաստանում տեսնում են, որ ՀՀ գործող իշխանության գլխավոր թեզերն են դառնում հակառուսականությունը, Եվրամիության անդամ դառնալը` թեև Հայաստանի տնտեսությունն այսօր մեծ օգուտներ ու առավելություններ է ստանում Ռուսաստանից։ Տարօրինակ են նաև Հայաստանից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող հայտարարությունները՝ երբ ժամանակը գա, որոշում կկայացնենք՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ միանալ ԵՄ-ին։
«Հայաստանի կողմից մոտավորապես ստացվում է՝ «մենք արդեն որոշումն ընդունել ենք, որ ԵՄ անդամ ենք դառնալու, բայց քանի դեռ կախված ենք ՌԴ տնտեսությունից, և մեզ այնտեղ դեռ այնքան պատրաստ չեն ընդունելու, մի քիչ էլ կմնանք ԵԱՏՄ-ում, օգուտ կստանանք, հետո կգնանք ձեր թշնամիների մոտ»․․․ Մոսկվայից տրամաբանական հարց է ծագում․ պատրաստվում եք միանալ մի դաշինքի, որը մեր դեմ պատերա՞զմ է նախապատրաստում, և կարծում եք, որ այդ ընթացքում, մինչ պատրաստվում եք մտնել Եվրամիություն, մենք պետք ձեզ օգնենք, ֆինանսավորենք, շուկան բացե՞նք ձեր առաջ»,- նկատում է քաղաքական մեկնաբանը։
