Логотип

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԲԱՆԸ

Ադրբեջանի բանտերում անելանելի դրության մեջ գտնվող մեր հայրենակիցները սկսել են ավելի ակտիվ գործելակերպի կոչեր անել, քանի որ, եթե նախկինում նրանք ապավինում էին խոստացված խաղաղության շրջանակում մարդասիրական հարցերի լուծմանը, ապա այսօր արդեն տեսնում են անորոշություն, ձգձգումներ և չկան ուղենիշներ, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքներում կարող է լուծվել իրենց խնդիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ այսօր Բաքվի բանտից ուղերձ էր հղել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա խնդրել էր միջազգային իրավապաշտպաններին և համասփյուռ հայությանը զբաղվել իրենց խնդրով։

Բաքվից մինչ օրս ստացված ուղերձները, Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, հիմնականում բացահայտում են խորքային ֆունդամենտալ դատավարական երաշխիքների խախտումները՝ պաշտպանության իրավունքից մինչև ավելի պակաս նշանակության խախտումներ, օրինակ, դատավարության ավարտին դատավճիռների չտրամադրումը։

Այն, որ ադրբեջանական կողմը նույնիսկ իր կողմից կեղծ դատավարությունների արդյունքում գեներացված փաստաթղթերը չի ներկայացնում հասցեատերերին, Սահակյանի համոզմամբ, միտում ունի արհեստականորեն խոչընդոտել կայացված ակտերի բողոքարկումը միջազգային ատյաններում։

Մեր զրուցակիցը, սակայն, չի բացառում, որ այդ ակտերը չեն տրամադրվում, քանի որ նույնիսկ լիարժեք ձևակերպված չեն, որովհետև կայացվել են քաղաքական պատվերի, հաշվեհարդարի արդյունքում։ «Չկա իրավունք, չկան ապացույցներ, չկան փաստեր, սակայն կա մտավախություն, որ միջազգայնորեն դրանք վիճարկվելու են, ուստի Ադրբեջանը ժամանակ է շահում նոր դատական ակտեր գրելու, նոր դատական ճշմարտություն կերտելու համար»,– նշում է Սահակյանը։

Բաքվից հղված ուղերձները, նրա բնորոշմամբ, վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանում մարդկային իրավունքները ողջ ծավալով սահմանափակվում են, և չկա արդյունավետ պաշտպանության մեխանիզմ։ Արդարության միակ հնարավորությունը միջազգային ատյաններն են։ Դրանով է իրավաբանը բացատրում նաև այն, որ ուղերձներում հստակ շեշտադրվում է իրավապաշտպանական, դատական, անգամ` լրագրողական համայնքի ու աշխարհասփյուռ հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը` խնդիրը միջազգայնացնելու ու դրանով արդարության ձեռքբերմանը նպաստելու գործում։

Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Բաքվից հեռախոսային խոսակցությունների ընթացքում կատարված ձայնագրությունները հետագայում կարող են որպես ապացույց ներկայացվել միջազգային դատարանում։

«Եթե դրանց իսկության վերաբերյալ վեճ առաջանա, հասկանալի է, որ ժամանակակից փորձաքննությունները հստակ կցուցադրեն իսկությունը, ձայնով կիրականացվի անձի իդենտիֆիկացիա, քանի որ կոմունիկացիոն այլ ճանապարհները փակված են և միակ կապը արտաքին աշխարհի հետ հեռախոսազանգերն են։ Ձայնագրությունները շատ կարևոր են, և մենք դրանց հիման վրա հիմնավորելու ենք խախտումները։ Իհարկե, ավելի ամբողջական պատկերացում մենք ստանալու ենք հայրենադարձումից հետո, և այս պահին էլ ունենք գործեր, որ կարողացել ենք հայրենադարձվածների աջակցությամբ ամբողջ ծավալով վերականգնել ադրբեջանական եղելությունը»,– պատմում է իրավաբանը։

Անդրադառնալով Դավիթ Բաբայանի ուղերձում նրա բարձրացրած ահազանգին, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանին ուղղված իր նամակներն անհետացել են, իսկ մեկուսարանից տեղափոխվելու ժամանակ առգրավվել է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Առաջին ատյանի դատարանում ունեցած իր վերջին ելույթը` Սահակյանը նշում է, որ միջազգային դատական ատյաններում գործընթացի շրջանակում իրենք հնարավորություն կունենան պահանջելու և ստանալու այդ բոլոր ապացույցները, փաստաթղթերը, որոնք գործի ելքի համար էական նշանակություն ունեն, և որոնց հասանելիությունը սահմանափակվել է։

«Նախորդ փորձից ելնելով, կարող եմ նշել, որ ադրբեջանական քրեական գործի նյութերը պահանջվում են միջազգային դատարանի կողմից և այն չափով, որ չափով որ տրամադրվում են, մրցակցության սկզբունքի շրջանակներում հասանելի են դառնում նաև մեզ։ Իհարկե, ադրբեջանական կողմը ներկայացնում է գործեր, որոնք շինծու են և որոնք բացահայտվում են վերլուծությունների արդյունքում, սակայն տեղեկատվության թաքցնումը թե՛ դատարանից և թե՛ հակառակ կողմից ունենում է նաև իր իրավական հետևանքները, և մեր կողմից վկայակոչված փաստերը այդ պարագայում պարզապես համարվում են հաստատված»,– պարզաբանում է Սահակյանը։

Իրավաբանը հիշեցնում է, որ Եվրոպական դատարանում ընթացող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի տարբեր գործերի շրջանակում դատարանը միջանկյալ միջոցի շրջանակում Ադրբեջանից պահանջել է տրամադրել դատավճիռները՝ հստակ վերջնաժամկետ սահմանելով։ «Մենք հույս ունենք, որ դրանք կստացվեն։ Իսկ եթե չստացվեն, համապատասխան հետևություններ կանեն նաև միջազգային ատյանները»,– ասում է Սահակյանը։

Հիշեցնենք` Բաքվի բանտից մինչ օրս հեռախոսային զրույցների ընթացքում ուղերձներ են փոխանցել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նա, ինչպես և Ռուբեն Վարդանյանը իր վերջին ուղերձներում, դիմել էին ՀՀ ՄԻՊ–ին` հորդորելով անձամբ այցելել Բաքու` դիտարկելու հայ բանտարկյալների պահման պայմանները։

Պաշտպանն այդ առաջարկը մերժել էր` պատճառաբանելով, որ իր մանդատը ՀՀ–ից դուրս չի գործում և Բաքվից ինքը հրավեր չի ստացել։

Հատկանշական է, որ դատավճռից 1 ամիս առաջ` հունվարի 6-ին, Ռուբեն Վարդանյանը, շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը, անհամեմատ ավելի լավատեսական ուղերձ էր հղել` մասնավորապես ասելով, որ մի կաթիլ անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի է ունենում, կանցնի, և ամեն ինչ լավ կլինի։

Sputnik Արմենիա