Логотип

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ՝ ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

«Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբների համատարած գաղտնալսումների նպատակը դաշինքի բացառումն է խորհրդարանական մրցավազքի մասնակիցների շարքից։ Մայիսի 7-ին Սյունիքում հարձակումը դաշինքի շտաբի վրա, ինչին հաջորդեց խուզարկությունն ու մի քանի աշխատակիցների ձերբակալումը, մայիսի 8-ին Շիրակի մարզում (Մարալիկ և Անի համայնքներ) Հակակոռուպցիոն կոմիտեի համանման գործողությունը վերջնականապես ի ցույց դրեցին նախընտրական բռնաճնշումների նպատակը: Այն է՝ ստիպել ԿԸՀ-ին դատական որոշման հիման վրա արգելել Սամվել Կարապետյանի դաշինքի մասնակցությունը հունիսի 7-ի ընտրություններին։ Փաշինյանին կատաղեցնում է Կարապետյանի վստահ խոսելակերպը, որն ընտրազանգվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսում է ՀՀ գործադիր իշխանության ապագա ղեկավարի պես։

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 88-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ: Հիմքերը չորսն են։ Եթե քաղաքական ուժն ինքնաբացարկ է ներկայացրել, հայտարարել է լուծարման մասին, կամ նրա գործունեությունն արգելվել է ՍԴ-ի որոշմամբ։ Իսկ բացի այդ, հիմք կարող է ծառայել նաև այն դեպքը, երբ դաշինքի կազմում կուսակցությունների թիվը նվազել է 2-ից։ Վերջին տարբերակը «Ուժեղ Հայաստանի» պարագայում ամենևին իրատեսական չէ։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժին քաղաքական պայքարից կարելի է դուրս բերել վարչական ակտի հիման վրա:

«Ընթացակարգը հետևյալն է. սկզբում ԿԸՀ-ն քննարկում է և եթե գտնում է, որ երեք հիմքերից որևէ մեկն առկա է, դիմում է դատարան։ Հիմքերից մեկը նախընտրական հիմնադրամ չբացելն է, մյուսը՝ նախընտրական հիմնադրամների միջոցների օգտագործման կարգի խախտումը, երրորդը՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումը»։ Իրավագետը վկայակոչեց ԸՕ 19-րդ հոդվածը (8-րդ կետ): «Եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան»,- նշեց Պողոսյանը: Հենց դատարանն է կայացնում թեկնածուի կամ քաղաքական ուժի գրանցումը չեղարկելու մասին որոշումը։

«Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից»,- պարզաբանեց Պողոսյանը: Նրա կարծիքով, գործող բոլոր դատարաններից Վարչական դատարանն իրեն դրսևորել է որպես ամենից անկողմնակալ։ Ժամանակը ցույց կտա…

Դաշինքի նախընտրական շտաբների տոտալ գաղտնալսումը կոչված է սեղմ ժամկետներում օրինական հիմք «ապահովել» հիշյալ արգելանքի համար ըստ դատական որոշման՝ անթիվ խախտումների փաստերով, որոնց հետևանքները հնարավոր չէ վերացնել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներում, այդ գաղտնալսված խոսակցությունների մեծ մասի արժանահավատության վերաբերյալ հիմնավոր կասկածներ կան։ Ինչպեսև նախընտրական շտաբների գաղտնալսումների օրինականության։

Իշխող վերնաշերտի պարագլխի շրջապատին մոտ կանգնած հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ հունիսի 7-ի ընտրություններին Ս.Կարապետյանի գլխավորած դաշինքի մասնակցությունն արգելելուց Փաշինյանին հետ է պահում միայն վախը քաղաքացիների արձագանքից: Եվրոպացի, ամերիկացի և թուրք տերերը հավանություն կտան այդ հաշվեհարդարին, բայց ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց ու կրկնել 2018-ի սցենարը։

ՔՊ վերնաշերտում ոչ բոլորն են համամիտ Կարապետյան դաշինքին մրցավազքից հեռացնելուն՝ մանդատների համար պայքարից մեկուսացումով, այնդուհանդերձ Հակակոռուպցիոն կոմիտեն, ՔԿ-ն և ԱԱԾ-ն այս օրերին զբաղված են միայն «Ուժեղ Հայաստանի» շտաբներով։ Մերթ օրենբուրգցի հայ գործարարը հեռախոսով ոսկու սարեր է խոստանում հայաստանցի հայրենակիցներին՝ ձայների դիմաց։ Մերթ շտաբների աշխատակիցները հեռախոսազրույցներում նշում են ընտրակաշառքի չափերը, որ արդեն բաժանել են, և որ պատրաստ են բաժանել դաշինքի օգտին ձայների դիմաց։ Գաղտնալսվում են միայն «Ուժեղ Հայաստանի» շտաբները, իսկ իշխանությունը ջանքեր է գործադրում, որպեսզի կոծկի Թալինում բռնկված սկանդալը, որտեղ ՔՊ նախընտրական ցուցակի թիվ 61 թեկնածուն՝ քաղաքապետ Տավրոս Սափեյանը ավելի քան 11 մլն դրամ է բաժանել բնակչությանը՝ իբրև սոցիալական աջակցություն։

2021 թվականի ընտրություններում համանման գործողությունների համար ձերբակալվեց Գորիսի նախկին քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մեղադրանքներ ներկայացվեցին նրա տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին։ Եթե Սափեյանը մնա անպատիժ, ապա «Ուժեղ Հայաստանին» ներկայացված մեղադրանքները կարող են որակվել որպես քաղաքական բռնաճնշումներ, որոնց նպատակն է՝ խոչընդոտել Ս.Կարապետյանի դաշինքին խլել իշխանությունը Փաշինյանից հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՀԱՅՏՆԻ ԵՆ ՔՊԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ՝ ԵԼՆԵԼՈՎ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻՑ։ Հայտնի է նաև, որ ՔՊ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի ընդդիմադիր տրամադրված ընտրողներն անտեսեն քվեարկությունը։ Հաշվարկներից հետևում է, որ ընտրողների նույնիսկ 50% ակտիվության դեպքում ՔՊ-ն կարող է սահմանադրական մեծամասնություն շահել, իսկ այ 70% ակտիվության դեպքում առավելությունը կարող է անցնել ընդդիմությանը։ Երկու ցուցանիշներն էլ մեծապես կասկածելի են թվում (դրանց իրապես հասնելու առումով)՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը։ Ընդդիմությունն անում է ամեն ինչ քաղաքացիներին ընտրատեղամասեր բերելու համար, բայց 70%-ը գրեթե ֆանտաստիկա է…

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սոցիալական աջակցության անվան տակ գումար են բաժանում բոլոր մարզերում և համայնքապետարաններում, որոնք ղեկավարում են ՔՊ դրածոները: Սափեյանին բռնացրեցին լոկ այն պատճառով, որ դեկտեմբերի 19-ին Սուրբ Էջմիածնի վրա ՔՊ-ի սկանդալային հարձակումից հետո Թալինի քաղաքապետը մշտապես լրագրողների ուշադրության կենտրոնում էր: Այդ օրը, հիշեցնեմ, նա ամենաթունդ հայհոյանքներ էր ժայթքում՝ անարգելով զոհված հերոսների ծնողներին ու քահանաներին, փորձում մագլցել տաճարի ուղղահայաց պատերն ի վեր։ Սափեյանի խուլիգանական արարքները, այդ թվում՝ Մայր տաճար ներխուժելու փորձերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ պատարագի ժամանակ, տևականորեն նրա վրա սևեռեցին լրատվամիջոցների ուշադրությունը, որոնց աչքից չվրիպեցին սոցիալական «օգնության» չափերը, որը հեշտ է որակել որպես ընտրակաշառք։

Սուրբ Էջմիածնի տարածքում խուլիգանական վարքի համար Սափեյանը չենթարկվեց նույնիսկ կուսակցական տույժի, թեև այդ այլանդակությունը տեղի էր ունեցել կուսակցության կողմից էթիկայի կանոնակարգի ընդունումից հաշված օրեր անց: Բացառված չէ, որ նրան չեն պատժի նաև ընտրակաշառք բաժանելու համար, չէ որ նա ոչ միայն ՔՊ անդամ է, ոչ միայն համայնքի ղեկավար և պատգամավորության թեկնածու. Սափեյանի վրա է դրված ողջ պատասխանատվությունը հունիսի 7-ի քվեարկության արդյունքներով ՔՊ-ի ցուցանիշների համար։ Նրան պատժի ենթարկելը Փաշինյանի համար հավասարազոր է սեփական ոտքին կրակելուն։ Իսկ Դանիել Իոաննիսյանը մի քիչ կբղավի ընտրարշավի խախտումների մասին ու կլռի, երբ հրամայեն։

Տվյալ դեպքում ամեն ինչ ծայրաստիճան պարզ է, իսկ ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի շտաբների աշխատակիցների հրապարակված խոսակցություններին, ապա դատարանում դեռ պետք է ապացուցել, որ զրուցում են իսկապես շտաբների աշխատակիցները, այլ ոչ թե ՔԿ-ի ու ԱԱԾ-ի խաբսաբադերը։ Ինչպես օրերս արձանագրեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, Ս.Կարապետյանի գործով զբաղվում են 53 քննիչներ, իսկ մարտի 1-ի գործով՝ 30: Հիշեցնեմ, որ մի դեպքում խոսքը «մեր ձևով» արտահայտության մասին է, մյուս դեպքում՝ 10 մարդու մահվան։ 2008-ի իրադարձությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը վերակենդանացնելու իշխող վերնաշերտի փորձը շռնդալից ձախողվեց, 18 տարվա վաղեմության գործի քննությունը ծայրեծայր սարքովի է…

«Մեր երկրում կաշառք տվողն էլ, կաշառք վերցնողն էլ գործող իշխանությունն է»,- փաստեց Ս.Կարապետյանը: «Ես այդպես էլ չհասկացա, թե այդ գաղտնալսումների մեջ որտեղ էր կաշառքը։ Ներկա բռնաճնշումների պայմաններում հարազատների զրույցն էլ դարձել է հանցագործություն։ Փեսան աներոջը քյաբաբ է հյուրասիրում, արդեն հանցագործություն է։ Մարդկանց կալանավորում են։ Իշխանության պահվածքը վախերի ու ցնցումների հետևանք է։ Մենք պետք է հասկանանք, թե ով է ձայնագրում խոսակցությունները և ինչու: Ես վստահ կարող եմ ասել՝ մենք ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում։ Եթե մենք ինչ-որ սխալ թույլ տված լինեինք, հարյուրավոր մարդիկ կհայտնվեին բանտերում»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը։