Հայաստանի գործող իշխանությունը եզակի և վտանգավոր փորձարարություն է ծավալել ազգային գիտակցության նկատմամբ՝ գործարք առաջարկելով քաղաքացիներին. հրաժարվել ազգային դարավոր իդեալներից, խորհրդանիշներից և պատմական հիշողությունից՝ կոնկրետ սահմանների շրջանակում ֆիզիկական անվտանգության և «հանգիստ կյանքի» դիմաց։
Իշխանավորների քաղաքական բառապաշարում ամրացել է երկու հասկացությունների հակադրումը. «Պատմական Հայաստան» (Հայրենիք) և «իրական Հայաստան» (պետություն)։
ԱՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌԻՑ, ՆՈՐ ՉԷ։ 1990-ականներին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպեց աղմկահարույց թեզը. «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»: Նա համարում էր, թե «ռոմանտիկ առասպելների» և պատմական արդարությունը վերականգնելու պահանջների հետամտումը շեղում է հիմնական խնդրից՝ պրագմատիկ և կենսակայուն պետության կառուցումից, և տանում երկիրը դեպի մեկուսացում ու առճակատում հարևանների հետ:
Սակայն այն ժամանակահատվածի և ներկա օրվա միջև սկզբունքային տարբերություն կա։ 1990-ական թվականներին ազգային գաղափարախոսության «կեղծ» լինելու մասին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը սուր և միանշանակ արձագանք առաջացրեց հասարակության շրջանում՝ բախվելով մտավորական, քաղաքական շրջանակների և Սփյուռքի հզոր դիմադրությանը: Այն ժամանակ հայ հասարակությունը պատրաստ չեղավ հրաժարվել իր արժեքներից հանուն չոր պրագմատիզմի, և առաջին նախագահի այդ թեզն այդպես էլ մնաց տեսական բարձրահունչ հայտարարության մակարդակում՝ շարունակություն չստանալով։
Այսօր, ավելի քան 30 տարի անց, իրավիճակն արմատապես փոխվել է։ Գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն վերակենդանացրեց այդ գաղափարները, այլև խոսքից անցավ գործի։ Այն, ինչը Տեր-Պետրոսյանի օրոք ընդամենը վիճելի քաղաքական հայտարարություն էր, այժմ վերածվել է պետական մակարդակով իրականացվող շատ կոնկրետ ու ագրեսիվ քայլերի։ Իշխանությունը առաջ է մղում այն միտքը, թե «Հայրենիք» հասկացությունը՝ որպես հոգևոր տարածք, գլխավոր սպառնալիքն է «պետության» համար՝ որպես օրենքներով պաշտպանված տարածքի։ Եվ այդ տրամաբանությամբ՝ անցյալի մասին հիշողությունը ոչ թե նեցուկ է, այլ խոչընդոտ, բեռ, որը նյարդայնացնում է ուժեղ հարևաններին և խանգարում Հայաստանին խաղաղ ապրել ու զարգանալ:
Այդ հայեցակարգի մեջ նաև ակնհայտ ներքաղաքական հաշվարկ է թաքնված։ Պատմական հիշողությունից, իրենց արմատներին կապվածությունից զուրկ մանկուրտների հասարակությանը շատ ավելի հեշտ է կառավարել։ Խորը արմատներ, արժեքային կողմնորոշումներ և ազգային արժանապատվության սրված զգացում ունեցող ազգը միշտ պահանջկոտ է իր առաջնորդների նկատմամբ: Իսկ եթե մարդկանց զրկում են այդ հենքից և հանգեցնում պետության գոյության իմաստը տարրական գոյատևմանը, ապա հասարակությունը վերածվում է սպառողների հնազանդ զանգվածի։ Այն քաղաքացիներին, որոնց հիշողությունը անդամահատված է, ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել վախի միջոցով. նրանց կարելի է ներշնչել ցանկացած օրակարգ, արդարացնել ցանկացած կորուստ, ցանկացած զիջում։ Ինչն էլ միանգամայն հետևողականորեն անում է Հայաստանի գործող իշխանությունը։
Եվ պետք է խոստովանել, որ արդեն հասնում է որոշակի հաջողությունների։ Հիշո՞ւմ եք, երբ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի դեմ և բռնազավթեց ինքնիշխան տարածքները, այդ թվում՝ առողջարանային Ջերմուկի շրջանում, Երևանն այդ ժամանակ ապրում էր իր սովորական, առօրյա կյանքով։ Այն դիրքերից մի քանի ժամ հեռավորության վրա, որտեղ հայ զինվորներ էին զոհվում և արկեր պայթում, մայրաքաղաքը զվարճանում էր. ամեն երեկո սրճարաններն ու ռեստորանները լեփ-լեցուն էին, երաժշտություն էր հնչում, մարդիկ անհոգ հանգստանում էին:
Իհարկե, մի ամբողջ ժողովրդի մտածելակերպը փոխելու համար միայն տեսությունը բավական չէ. անհրաժեշտ են կոնկրետ, շոշափելի գործողություններ։ Այնպիսի, ինչպիսին է, օրինակ, հայոց բազմադարյա քաղաքակրթությունն ընդգրկող «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական առարկայի անվանափոխումը «Հայաստանի պատմության», որն արհեստականորեն սեղմում է այդ ողջ մասշտաբը ժամանակակից տարածքի շրջանակի և ստիպում դպրոցականներին մտածել միայն 29 743 քառակուսի կիլոմետրի սահմաններում։
Պատահական չէ, որ իշխանությունների հռետորաբանության թիրախում հայտնվեց նաև ազգային գլխավոր խորհրդանիշը՝ Արարատ լեռը, որը, ըստ այդ արատավոր տրամաբանության, տարածքային նկրտումներ է հեռարձակում Թուրքիայի նկատմամբ։ Իշխանությունները բացահայտ խոսում են նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որում այլևս հղում չի լինի Անկախության հռչակագրին, որտեղ ամրագրված են մեր ժողովրդի համար հիմնարար անվերապահ նպատակները՝ Արցախի հետ վերամիավորման ձգտումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: «Իրական Հայաստան» հայեցակարգում այս կետերը համարվում են բախումնածին, ահա և իշխանությունը շտապում է բացառել դրանք Հիմնական օրենքից։
ԱՅՍ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՄԻԱՏԱՐՐ ՉԷ։ Մեր քաղաքացիներից շատերը սաստիկ հարված են տարել 2020-ի և 2023-ի աղետից և դրան հաջորդած ցնցումներից, նրանք գտնվում են ստրեսի և, ինչպես կասեին հոգեբանները, հուզական մարման վիճակում: Նոր պատերազմի մշտական վախը նրանց ստիպում է համաձայնել իշխանությունների ցանկացած, նույնիսկ ամենանվաստացուցիչ թեզին՝ «միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով։ Մարդկանց այդ խմբի համար «իրական Հայաստանի» մասին կարգախոսները ծղոտ են, որից նրանք կառչում են երկար սպասված կայունության հույսով:
Մտավորականության, ակադեմիական հանրության բազմաթիվ ներկայացուցիչները, հոգևորականները՝ ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու, և ընդդիմությունը Փաշինյանի ու իր թիմակիցների գործողություններում տեսնում են անմիջական սպառնալիք ազգային ինքնությանը և կապիտուլյացիա Անկարայի ու Բաքվի պահանջների առջև: Այսպես, պատմության դասագրքերի անվանափոխումը կոշտ բողոքներ առաջացրեց պատմաբանների և մանկավարժների միջավայրում, որոնք մեղադրեցին կառավարությանը կեղծարարության և մանկուրտների սերունդ դաստիարակելու փորձի մեջ:
Փաշինյանի հայեցակարգը հզորագույն հարված էր նաև բազմամիլիոնանոց հայկական Սփյուռքի համար՝ օտար ափերում ազգային ինքնության պահպանման իր տասնամյակներ շարունակ մշակած մեխանիզմներով։ Տասնամյակներ շարունակ Սփյուռքը համախմբվել է ոչ թե կոնկրետ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի, այլ Հայրենիքի գաղափարի շուրջ՝ իր մշակույթով, պատմական հիշողությամբ, ավանդույթներով։ Հայտարարելով, թե Սփյուռքն իր պահանջներով խանգարում է «իրական Հայաստանին» ապրել ու զարգանալ, Հայաստանի գործող իշխանությունը փաստացի ուրանում է իր միլիոնավոր հայրենակիցներին։
Սփյուռքի հետ կապերը խզելու ռազմավարությունը հստակ դրսևորվեց Ազգային ժողովի վերջին նիստերի ընթացքում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Ասում են՝ ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Սա կատարյալ սուտ, միֆ է»: Եվ փորձեց վարկաբեկել Սփյուռքի խոշորագույն ավանդական ինստիտուտները՝ հարց տալով, թե «ովքեր են» Հայ Դատի Վաշինգտոնի և Բրյուսելի հանձնախմբերի ղեկավարները և քանի մարդու անունից են նրանք խոսում. «Միշտ այսպիսի բան եմ լսում, թե՝ դե, իրենք պաշտպանում են հայկական շահը….Չեն ասում՝ Հայաստանի շահերը… Էս երկու բառերը արդյոք հոմանիշնե՞ր են. հայկական շահը և Հայաստանի շահը, միշտ նույնակա՞ն են»։ Տերմիններով նման ձեռնածությունը մի ավելորդ անգամ հաստատում է, որ կազմակերպված ու ազդեցիկ Սփյուռքի մեջ ներկայիս ռեժիմը տեսնում է ոչ թե դաշնակից, այլ վտանգավոր մրցակից, որի հիշողությունը Ցեղասպանության և Արցախի մասին խանգարում է Երևանի մշտական աշխարհաքաղաքական զիջումներին։ Բայց եթե Հայաստանը հրաժարվում է աշխարհի բոլոր հայերի համար քաղաքակրթական կենտրոնի դերից և ներպարփակվում, ապա անհետանում է Սփյուռքի գլխավոր ուղենիշը։ Առանց Հայրենիք-պետության հետ հոգևոր կապի՝ հայերի նոր սերունդները Մոսկվայում, Փարիզում կամ Լոս Անջելեսում սրընթաց կձուլվեն, կորցնելով լեզուն և մշակույթը:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԴՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՆՀԵԹԵԹ ԵՆ ԴԻՏՎՈՒՄ բազմաթիվ երկրների փորձի խորապատկերին, որոնք երբեք չեն հրաժարվում իրենց «պատմական աշխարհագրությունից» և քաղաքակրթական հիշողությունից։ Հենց նույն Ֆրանսիայի Հանրապետությունը սրբորեն պահպանում է հիշողությունն իր գլոբալ կայսրության, Նապոլեոնի դարաշրջանի և գաղութային փառքի մասին։ Նրա պետական գաղափարախոսությունն անքակտելիորեն կապված Է La Patrie (Հայրենիք) հասկացության հետ, որը մեծապես գերազանցում է զուտ վարչական սահմանները։ Փարիզն ակտիվորեն զարգացնում է մշակութային և լեզվական ներկայությունը ողջ աշխարհում (Ֆրանկոֆոնիա)՝ օգտագործելով իր պատմությունը որպես «մեղմ ուժի» և ազգային պարծանքի գլխավոր գործիք: Կամ, ասենք՝ իսպանացիները, որոնց ազգային ինքնագիտակցությունը մինչ օրս ամուր հենվում է Ռեկոնկիստայի՝ քրիստոնեական հայրենիքը վերադարձնելու դարավոր պայքարի հերոսապատման վրա: Իսպանիան խնամքով պահում է կայսերական խորհրդանիշները և սերտ ու նվիրական կապ պահպանում իսպանախոս աշխարհի հետ (Իբերոամերիկա): Եվ Մադրիդում ոչ մեկի մտքով անգամ չի անցնում վերաշարադրել պատմության դասագրքերը կամ հրաժարվել անցյալի մեծ խորհրդանիշներից՝ այլ պետությունների համար «ավելի հասկանալի» դառնալու համար։
Փաշինյանի և նրա կողմնակիցների գլխավոր փաստարկը հետևյալն է. պատմական հիշողությունից հրաժարումը ֆիզիկապես գոյատևելու, Ադրբեջանի և Թուրքիայի համար, «հասկանալի» և ոչ վտանգավոր հարևան դառնալու միակ միջոցն է, որպեսզի նրանք առիթ չունենան նոր հարձակումների համար: Բայց չէ որ այդ մեդալն ունի նաև հակառակ երես, ընդ որում՝ շատ ավելի վտանգավոր. այն ժողովուրդը, որից խլում են պատմական հիշողությունն ու արմատների հետ կապը, կորցնում է ներքին հենքն ու հավաքական իմունիտետը։ Հայրենիքը պարզապես վերացական կատեգորիա չէ։ Դա այն հարցի պատասխանն է, թե. «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք և հանուն ինչի՞ ենք ապրում այստեղ»։ Հենց ընդհանուր արժեքները, նախնիների մասին հիշողությունը և սեփական պատմության ու մշակույթի համար հպարտությունն են ստիպում մարդկանց պաշտպանել իրենց հողը, երկարաժամկետ ծրագրեր կազմել և կապել կյանքն իրենց երկրի հետ:
«Հայրենիքը» «Պետությունից» արհեստականորեն զատելու փորձը ինքնախաբեություն է, որը զրկում է երկրին ապագայից։ Պետությունը զուրկ է որևէ հեռանկարից՝ առանց պատմական և հոգևոր հիմքի։ Առաջընթացն ու անվտանգությունը կառուցվում են ոչ թե սեփական անցյալի մոռացության, այլ դա հենք դարձնելու կարողության վրա։ Ֆրանսիացի փիլիսոփա և հոգեբան Գյուստավ Լը Բոնը գրել է. «Ժողովուրդը անցյալով ստեղծված օրգանիզմ է, և ինչպես ցանկացած օրգանիզմ՝ այն կարող է փոխվել ոչ այլ կերպ, քան ժառանգական երկար կուտակումների միջոցով… Ժողովուրդների իրական ղեկավարները ոչ թե նրանց պետական հաստատություններն են, այլ ավանդույթները… Ողջերի իրական տերերը մեռյալներն են: Ողջերը կրում են նրանց սխալների ողջ ծանրությունը և քաղում նրանց արժանիքների պտուղները»։ Այսինքն մշակույթ, ավանդույթներ ու իդեալներ թողած նախնիները նախորոշում են պետության կայունությունը շատ ավելի մեծ չափով, քան ցանկացած ժամանակավոր օրենքներ, կառավարիչներ կամ իշխանության ինստիտուտներ:
Այս հիմնարար ճշմարտությունը գերազանց հասկացել են նաև համաշխարհային քաղաքականության մեծագույն գործիչները։ Ուինսթոն Չերչիլն այդ աքսիոմը ձևակերպել է չափազանց հակիրճ. «Որքան ավելի երկար կարողանաք հետ նայել, այնքան ավելի հեռուն կկարողանաք նայել առաջ»:
