Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո գերիների վերադարձի գործընթացը տևել է 10 տարի: ԱԺ ամբիոնից օրերս հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը՝ զուգահեռներ անցկացնելով Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված իրավիճակի հետ:
Սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ է համեմատությունն արվել հենց Երկրորդ աշխարհամարտի հետ, այն դեպքում, երբ վերջին տասնամյակներին ռազմագերիների, պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակման միջազգային ավելի թարմ և մեր դեպքին ավելի մոտ օրինակներ կան աշխարհում:
Ինչ վերաբերում է Երկրորդ աշխարհամարտին, ապա ռազմագերիների վերադարձի ամենաակտիվ շրջանն ընդհանրապեսհամարվում է 1945 -1948 թվականները: 1955 թվականը ուշագրավ է եղել Գերմանիայի կանցլերԿոնրադ Ադենաուերիև ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի հանդիպումով, որի ժամանակ, ի դեպ, Ադենաուերն արել է իր հայտնի հայտարարությունը՝ առանց մնացած գերիների վերադարձի՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն անհնար է:Ադենաուերի այդ հայտարարությունը ՔՊ-ական պատգամավորը, սակայն, ԱԺ ամբիոնից չի հիշատակել:
Պատգամավորի հայտարարությունն ունի նաև բարոյական ու էթիկական կողմ, քանի որ, ըստ մասնագետների, նման հայտարարությունները հոգեկան տառապանք են պատճառում գերիների հարազատներին:
Թեմայի շուրջ News.am-ը զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, մարդասիրական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի հետ:
– Տիկին Մելիքյան, վերջերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորներից մեկըհայտարարեց, թե Երկրորդ աշխարհամարտից հետո գերիների վերադարձը 10 տարի է տևել՝ այդ կերպ կարծես փորձելով արդարացնել իշխանությունների կողմից Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում աշխատանքների անարդյունավետությունը: Որպես մարդասիրական հարցերով զբաղվող փորձագետ, նախինչպե՞ս եք գնահատում նման հայտարարության բարոյական կողմը՝ հաշվի առնելով, որ նրանց լսում են նաև գերիների ընտանիքները:
– Զինված հակամարտության պատճառով ազատությունից զրկված անձանց մասին խոսելիս պետք է մշտապես նրբանկատություն ցուցաբերվի՝ հատկապես իշխանության ներկայացուցիչների կողմից՝ հատկապես հաշվի առնելով և՛ անազատության մեջ պահվող անձանց, և՛ նրանց ընտանիքների խոցելիությունը: Նախ, արձանագրեմ, որ հենց պետությունն է պատասխանատու իր կողմիցորպես հակամարտության կողմ մասնակցող անձանց, հատկապես՝ գերեվարված անձանց համար։ Ընդգծեմ, որ այս պահին Ադրբեջանում պահվող 19 հայերն անազատության պայմաններում հայտնվել են հենց զինված հակամարտության պատճառով, իսկ Հայաստանը այդ հակամարտության կողմ է դիտարկվում:
– Որքանո՞վ է ճիշտ համեմատությունը Երկրորդ աշխարհամարտի հետ, երբ, օրինակ, վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ ռազմագերիներն ու այլ երկրների կողմից պահվող քաղբանտարկյալները կամ պատանդները շատ ավելի վաղ են ազատ արձակվում. Օրինակ, իսրայելցիպատանդների ազատ արձակումը տեղի ունեցավ մոտ 2 տարի անց, կամ մեկ այլ գործարք արդեն քաղբանտարկյալների հետ կապված, որը տեղի ունեցավ 2024-ին Ռուսաստանի ու Արևմուտքիմիջև, և մեծ թվով պատանդներ փոխանակեցին, որոնք տասը տարի չէին պահվում:
– Որևէ հակամարտություն մյուսի հետ համեմատելը տեղին չէ, քանի որ հանգամանքները տարբերվում են, մասնակցող կողմերը՝ նույնպես: Ավելին՝ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ համեմատությունն տեղին չէ, քանի որ հենց այդ պատերազմի և դրա ընթացքում ծագած հիմնախնդիրների հետևանքով է, այդ թվում՝ գերիների հետ կապված, որ միջազգային հանրությունը հասկացել է հակամարտության կողմ հանդիսացող պետությունների համար գերիների կարգավիճակի և նրանց հայրենադարձության համար միջազգային մակարդակում համապատասխան պարտավորությունների սահմանման կարևորությունը:
Խոսքը 1949թ․ ընդունված չորս Ժնևյանկոնվենցիաների մասին է, որոնցից մեկը կարգավորում է հենց ռազմագերիների հետ վարվելակերպի հարցեր։ Կոնվենցիան հստակ սահմանում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո:Հիշեցնեմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միացել են այդ կոնվենցիաներին, ինչպես և աշխարհի շուրջ 200 երկիր։ Ու կոնվենցիային այսքան լայն մասնակցությունը վկայում է նրա մասին, որ դրանում արտացոլված սկզբունքի հետ բոլորը համաձայն են։
Ավելին՝ և՛ Կոնվենցիան, և պատերազմող պետությունների պրակտիկան ցույց է տալիս, որ պետությունները փորձում են կազմակերպել գերիների հայրենադարձություն կամ դեռևս ռազմական գործողությունների ընթացքում, կամ ռազմական գործողություններից անմիջապես հետո։ Կոնվենցիայում ամրագրված ակնկալիքն այն է, որ պետությունները գերիների վերադարձի հարցը պետք է ներառեն հրադադարի կամ այլ համարժեք համաձայնագրում, իսկ այդպիսի համաձայնագրի բացակայության դեպքում գերության մեջ պահող պետություններից յուրաքանչյուրը պետք է կազմի և անհապաղ կատարի հայրենադարձման պլան։
Ավելին՝ առողջության խնդիրներ ունեցող ռազմագերիները կամ պահվող քաղաքացիական անձինք պետք է հայրենադարձվեն առաջնահերթ։
Հայաստան-Ադրբեջան հակամարտության պարագայում գերիների հարցը ներառված չէ խաղաղության համաձայնագրի տեքստում, առկա չէ նաև որևէ այլ համաձայնագիր, որն այս հարցերը կկարգավորի՝ բացառությամբ 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հենց այս հանգամանքը օգտագործելով, նոյեմբերի 9-ից հետո գերեվարված հայերին դատել են, չի տրամադրվել ռազմագերու կարգավիճակ՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններից է կախված գերիների ավելի արագ ազատ արձակումը: Կա՞ ընդհանուր միտում այս հարցում:
– Հակամարտությունների շրջանակներում պահվող անձանց վերադարձի ժամկետներն ուղիղ կապ ունեն գերիների քաղաքացիության երկրի ջանքերի ակտիվության հետ՝ կամ անմիջականորեն բանակցելու պահող երկրի հետ գերիների վերադարձի պայմանները, կամ ներգրավելով միջնորդ պետություններ ու կազմակերպություններ՝ դրանց միջոցով արագացնելով գործընթացը։
Պետությունը պետք է օգտագործի ցանկացած դիվանագիտական հարթակ՝ ապահովելու Ադրբեջանում պահվող հայերի վերադարձը։ Ցավոք, այս առումով արձանագրում ենք բացթողնված հնարավորություններ, օրինակ՝ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը և դրանից հետո տեղի ունեցած զարգացումները։
