Логотип

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն իրենց կառավարություններին՝ ուղեցույցները հաստատելու համար։ Այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան որոշումներով պետք է հաստատեն այս ուղեցույցները: Այս մասին գրում է «Հետքը»։

Եվ ահա ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft.am-ում, մայիսի 15-ից մինչև 31-ը քննարկման է դրվել 3 ուղեցույցները հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որը կազմել է Արդարադատության նախարարությունը:

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆ ՍԿՍՎԵԼ Է 2024-Ի ԳԱՐՆԱՆԸ

Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 30-ին երկու կողմերի հանձնաժողովները ստորագրել էին իրենց համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը սեպտեմբերին Սահմանադրական դատարանը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը համապատասխանող, իսկ ԱԺ-ն վավերացրեց նույն տարվա հոկտեմբերի 23-ին:

Բայց դեռ այս համաձայնությունից առաջ՝ 2024-ի ապրիլի 19-ին, կողմերն արդեն սկսել էին սահմանազատումը Տավուշի մարզի ուղղությամբ՝ Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի և Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածներում (տես ստորև՝ քարտեզում), ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես տավուշցիների շրջանում և ապա վերաճեց ավելի մեծ բողոքի շարժման (Տավուշը հանուն հայրենիքի)։

Այլ կերպ ասած՝ սահմանազատման պրոցեսն սկսվել էր՝ չսպասելով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատմանը:

Ընդ որում՝ տեղի է ունեցել ոչ միայն սահմանազատում (դելիմիտացիա), այսինքն՝ սահմանների ճշգրտում քարտեզի վրա, որն այս հանձնաժողովների փաստացի գործառույթն է, այլև կատարվել է սահմանագծում կամ դեմարկացիա, այսինքն՝ գետնի վրա, իրական պայմաններում սահման է անցկացվել՝ սահմանային սյուներ են տեղադրվել փշալարեր են անցկացվել, Կիրանց գյուղի մոտ էլ պատ է կառուցվել:

Իրականացված դեմարկացիայի ընթացքում հայկական զորքը վերը նշված 4 հատվածներում հետ է քաշվել: Եվ միայն մեկ՝ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածում է, որ ադրբեջանցիները հանել են իրենց մարտական դիրքը: Ընդ որում՝ խոսքն ընդամենը մեկ դիրքի մասին է, այնինչ առաջնագծից հանված հայկական մարտական դիրքերը մի քանիսն են եղել: Ամենակարևորը՝ ադրբեջանցիները, ՀՀ սուվերեն տարածքում՝ Ջողազի ջրամբարի պատվարի մոտ գտնվող իրենց այդ մեկ դիրքը հանելով, այն ընդամենը տեղափոխել են շուրջ 350 մ հեռու, բայց կրկին մնացել են ՀՀ սուվերեն տարածքում։ Պարզապես այս նոր դիրքի տարածքը դուրս է սահմանազատված ու սահմանագծված հատվածներից:

2024-ի գարնանը մեկնարկած այս գործընթացի ընդհանուր ընկալումն այն է, որ այն տեղի է ունեցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշման պայմաններում, ինչի մասին Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ակնարկում էր նաև Հայաստանի գործող իշխանությունը:

Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ, ԵՎ ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ

Ըստ երկու կողմերի համաձայնեցրած ուղեցույցների՝ ձևավորվելու են սահմանազատման փորձագիտական խմբեր: Նկատենք, սակայն, որ նմանատիպ խումբ գոնե հայկական կողմից կար նաև 2 տարի առաջ: Մասնավորապես՝ 2024-ի ապրիլի 22-ին վարչապետ Փաշինյանը հայկական հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու որոշում էր կայացրել: Այդ խումբը, մասնավորապես, պետք է գեոդեզիական չափումների արդյունքում տեղանքում հստակեցներ կոորդինատները, որոնց հիման վրա էլ պիտի կատարվեր սահմանազատումն ու սահմանագծումը: Խմբում ներգրավվել են ԱԱԾ, ՊՆ, ՏԿԵՆ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ, ինչպես նաև ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ ու քարտեզագիրներ։

Առաջիկայում ձևավորվելիք փորձագիտական խմբերը ենթարկվելու են հանձնաժողովներին:

Փորձագետներն աշխատելու են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերով, ինչպես նաև բոլոր նորմատիվ իրավական և այլ՝ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերով: Սրանից կարող ենք եզրակացնել, որ չկա քարտեզների և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերի օգտագործման սահմանափակում:

Խմբերը նաև տեխնիկական աշխատանք են կատարելու Երկրի հեռահար զոնդավորման (սահմանագծի տիեզերական նկարահանում) և/կամ ԱԹՍ-ից աերոլուսանկարահանման նյութերի ստացման ու մշակման ուղղությամբ: Բացի դրանից՝ սահմանազատման աշխատանքների կատարման ժամանակահատվածի համար ընդհանուր (պետական գաղտնիք կազմող տեղեկություններ չպարունակող) գեոդեզիական հիմք պիտի ստեղծեն, տեղագրական և գեոդեզիական աշխատանքներ կատարեն, մասնավորապես՝ տեղազննեն սահմանագծի ամբողջ երկայնքը, համաձայնեցնեն սահմանագիծը, սահմանազատման քարտեզի նախագիծ պատրաստեն, որի վրա կլինի համաձայնեցված սահմանագիծը, պետական սահմանագծի նկարագրության նախագիծ կազմեն և այլն:

Սահմանազատման քարտեզի վրա կարմիր հոծ գծով զետեղվելու է համաձայնեցված պետական սահմանագիծը։ Քարտեզը պետք է ընդգրկի սահմանի ամբողջ երկայնքը և յուրաքանչյուր կողմից 3 կմ լայնությամբ տեղանքի շերտ: Քարտեզի բոլոր թերթերը կազմվելու են ալբոմի ձևով։ Թերթերի համարակալումը սկսվելու է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածից՝ արևմուտքից դեպի արևելք ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ ալբոմում նախ լինելու են Տավուշի, ապա՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, վերջում՝ Սյունիքի սահմանազատված հատվածների քարտեզները:

Հիշեցնենք՝ դեռ 2025-ի հունվարին 16-ին երկու հանձնաժողովները համաձայնել էին պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքներն սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանային հատման կետից, ու շարունակել դեպի հարավ՝ մինչև Հայաստան-Ադրբեջան-Իրան սահմանային հատման կետը:

Սահմանազատման քարտեզի ալբոմը կազմվելու է երկու օրինակով, յուրաքանչյուրում լինելու է հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն: Նմանապես կազմվելու է Հայաստան-Ադրբեջան պետական ամբողջ սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրությունը: Սա և քարտեզի ալբոմը որպես հավելված կցվելու են ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի մասին պայմանագրին:

Սահմանազատման քարտեզի հիմքը լինելու է 1:25000 մասշտաբի աշխատանքային քարտեզը, որն արտապատկերելու է պետական սահմանագիծը ու հիմք է ծառայելու՝ փորձագետների կողմից պետական սահմանի սահմանազատման համապատասխան աշխատանքների կատարման համար: Հանձնաժողովների պայմանավորվածությամբ՝ անհրաժեշտության դեպքում պետական սահմանագծի առանձին հատվածների համար կարող են ստեղծվել ավելի խոշոր մասշտաբների աշխատանքային քարտեզներ։ Աշխատանքային քարտեզն ստեղծվելու է АrсGIS և Панорама ծրագրային համալիրում կամ հանձնաժողովների կողմից համաձայնեցված այլ ծրագրային ապահովմամբ:

ԸՍՏ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ՝ 2024-Ի և ԱՅՍՕՐՎԱ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին «Հետքը» հարցրել էր, թե արդյոք հակասություն չկա ներկայում սահմանազատման քարտեզի ստեղծման ուղեցույց մշակելու և սրանից 2 տարի առաջ՝ 2024 թվականին, առանց նման ուղեցույցի, Տավուշի ուղղությամբ սահմանազատում ու փաստացի նաև սահմանագծում կատարելու միջև: Իսկ եթե հակասություն չկա, ապա ինչու՞ (փոխվարչապետին խնդրել էինք մանրամասնել պատճառը): Մեր հարցմանը պատասխանել է Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը, որն այս հարցին ընդամենը արձագանքել է. «Ոչ, չկա հակասություն»։ Պատճառաբանություն, հիմնավորում չի ներկայացվել:

Հավելենք, որ Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի և Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածների սահմանազատումը, ինչպես 2024-ի մայիսին հայտարարել էր ԱԳՆ-ն, իրականացվել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թ.:

Բայց եթե 2024-ին ԱԳՆ-ն հայտարարում էր, որ գեոդեզիական չափումներով հստակեցված կոորդինատների ու վերոնշյալ խորհրդային քարտեզի հիման վրա երկու կողմերը համաձայնեցրել են այդ 4 հատվածներում հայ-ադրբեջանական սահմանագծի արձանագրություն-նկարագրությունը՝ համապատասխանեցնելու ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին, ապա վերոնշյալ 3 ուղեցույցներում և 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգում որևէ կետ չկա ԽՍՀՄ փլուզման պահին գոյության ունեցած հայ-ադրբեջանական սահմանը «վերականգնելու» մասին:

News.am