Логотип

ՄԱՀԱԲԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ ՃԱՄԱՐՏԱԿԵԼՈՎ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ՝ ՆԻԿՈԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Փաշինյանի հարկադրված «շփումները» ժողովրդի հետ և ձևական-խոնարհ արձագանքը առերես արտահայտվող բացասական վերաբերմունքին ու իր անձի և ՔՊ-ական ողջ ոհմակի մերժմանը՝ կարելի է համարել ամենահամոզիչ ու խոսուն «սոցհարցումը»։ Եվ դա այն դեպքում, երբ ամենուր կազմակերպվում են բեմադրված շոուներ՝ գրկախառնություններով, կուռքին տեսնելու «երջանկությունից» տեսախցիկի առջև արտասվելով, հատուկ բերած անհամարժեք կերպարների քծնանքով ու համբույրներով։

ԲԱՅՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ անգամ գնալով ավելի հստակ է ուրվագծվում մի անողոք օրինաչափություն. պատրանքային «խաղաղությունը»՝ որպես նախընտրական քարոզչության հաղթաթուղթ, շարունակ բախվում է ընդամենը մոտ 6 տարի առաջ տեղի ունեցած և հայոց պետականության ու ժողովրդի համար աղետ դարձած ամենաիրական պատերազմին։

Վերջին պատերազմի և Արցախին դավաճանության հետ կապված «անցյալին» վերջակետ դնելու և միայն «ապագայի» մասին խոսելու հուսահատ ձգտումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման՝ լավ հայտնի բազմաթիվ պատճառներով: Բայց քաղաքացիների հետ հենց հանպատրաստից հանդիպումների ժամանակ է, որ այդ շռնդալից ձախողումն առավել քան ակնբախ է դառնում։ Ապացուցելով, որ ինչքան էլ Փաշինյանն ու իր յուզգյար Ալիևը ջանան «թաղել» Հայրենիքի մի մասի և մի քանի հազար կյանքի կորստյան արյունաթոր վերքն ու գայթակղել մարդկանց գալիք «խաղաղության» ու բարեկեցության խզբզած պատկերներով, անհնար է թաքցնել ճշմարտությունը և բոլորովին վերջերս տեղի ունեցած ազգային ողբերգության որևէ չափման չենթարկվող ցավը։

Այսպես, քարոզարշավի առաջին շաբաթվա ամենավառ ու հետևանքներ ունեցած դրվագներից մեկը մայիսի 12-ին Շենգավիթում քաղաքացու և Նիկոլի միջև տեղի ունեցած վեճն էր։ «Դուք հանձնել եք Արցախը, 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք»,- ասաց տղամարդը «վարչապետին»՝ հարուցելով վերջինիս նյարդային արձագանքը։ Փաշինյանը հունից ելավ և պահանջեց բացատրել, թե «էդ 5000 թիվը որդեի՞ց», մեղադրելով «ստահակներին» (պետք է ենթադրել՝ ընդդիմությանը), թե «ձեզ քի՞չ ա զոհերի թիվը, մի հատ էլ 5000 թիվ»։

Հարկ չկա հոգեբան լինել՝ հասկանալու համար, որ նման արձագանքը վկայում է Փաշինյանի համար հարցի ծայրահեղ զգայունության մասին։ Բնավ պատահական չէ, որ հաջորդ բոլոր օրերին իշխանամետ լրատվամիջոցները զբաղված էին այդ թիվը հերքելով։ «Վերջակետ» դրեց երկրի «գլխավոր թքող» Ալեն Սիմոնյանը, սոցցանցերում ուղիղ եթերով հայտարարելով, թե զոհերի թիվը 3833 է, գումարած «մոտավորապես» 160 անհետ կորածներ, և թե բոլոր զոհվածների անունները հրապարակված են «Զինապահ» կայքում։

Այդ կերպարի ցինիզմը կրկին անցնում է ամեն չափ ու սահման. նա արդարակյացի դեմք ընդունած ու Նիկոլի նույն արտահայտություններով մեղադրեց «սրիկաներին»՝ ընդդիմադիրներին, թե նրանք փորձում են «ավելացնել մեր զոհված հերոսների թիվը»։ «Հերիք է մեր ցավի, մեր զոհերի վրա քաղաքական դիվիդենտներ շահեք»,- պաթետիկ բացականչեց Սիմոնյանը՝ անվանելով ընդդիմության ներկայացուցիչներին «մահվան սուրհանդակներ»:

Սա, հիշեցնեմ, ասում է նա, ով պատերազմից ընդամենը մեկ տարի անց հրապարակավ հայտարարեց, որ գերիներն իր համար «այլևս գոյություն չունեն»։ Նա, ում սիրելի շեֆը, խոսելով զոհվածների թվի մասին, օգտագործում է «պլյուս-մինուս 50» արտահայտությունը։ Ասում է իշխանության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որը Եռաբլուր պանթեոնում հրապարակավ «քըսի է տալիս» իր ցերբերներին զոհված զինվորների մայրերի վրա։

ԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐԸ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՊԱՐԿԵՐՈՎ ԻՆՉՈՐ ՆԿՈՒՂ ԷՐ ՆԵՏԵԼ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ՝ առանց պահպանման պատշաճ պայմանների։ Այն իշխանության, որը պատերազմից անմիջապես հետո բառացիորեն անտեսում էր անտառներում թաքնվող, արյունաքամ լինող, սովից ու ծարավից տառապող, բայց հայրենի պետության օգնությանը սպասող հայ զինվորների մասին բոլոր ահազանգերը։ Այն իշխանության, որը տարիներ շարունակ թողնում է փտելու իր զինծառայողների դիերն իր իսկ տարածքում, որովհետև այդ տարածքը զավթած հակառակորդը թույլ չի տալիս մոտենալ նրանց…

Է՞լ ինչ հիշեցնենք քարոզարշավի ընթացքում Բոլիվուդի լավագույն ավանդույթներով «տառապանք» պատկերող և դրանով իսկ զոհված հայ զինվորների հիշատակը պղծող Սիմոնյանին։ Գուցե հայտնի անձնավորության կողմից ի սկզբանե նետված «մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի» բազմանշանակ արտահայտությո՞ւնը։

Վերադառնանք թվերին: Պատերազմից գրեթե 6 տարի անց այդօրինակ բանավեճն ինքնին իշխանությունների և, ավաղ, հայ հասարակության համար հարցի երկրորդական լինելու խայտառակ վկայությունն է: 44-օրյա պատերազմի ավարտից հետո երկար ժամանակ ռեժիմի ներկայացուցիչները հնչեցնում էին տարբեր տվյալներ, մինչև որ վերջապես կանգ առան վերոնշյալ թվի վրա։ Մինչդեռ Հայրենիքի համար նահատակվածների հիշատակը հարգող և պատվող երկրում զոհվածների հստակ թիվը անվանական ցուցակով պետք է հրապարակվեր առաջին իսկ ամիսներին, և հետագայում թույլ չտրվեր լուրջ շտկումներ կատարել, բացառությամբ անհետ կորածների և գերեվարվածների թվի։

Նույնիսկ եթե իշխանությունների հնչեցրած թիվը որոշակի իմաստով համապատասխանում է իրականին, հասարակական գիտակցության մեջ արմատացած 5000 թիվն իրականում շատ մոտ է ճշմարտությանը, լիովին արդարացնելով փաշինյանական ոհմակից արդեն անօտարելի «մահաբեր իշխանություն» մակդիրը։ Ինչն էլ ապացուցում են նախկինում պաշտոնապես հնչեցված դրա բաղադրիչները։

Թուրքական դրածոների կողմից Հայաստանի բռնազավթման 8 տարիների ընթացքում տեղի է ունեցել երեք պատերազմ.՝ 44-օրյան, 2022-ի սեպտեմբերյանը՝ Ջերմուկի մերձակայքում, և 2023-ի սեպտեմբերի 19-20-ի հարձակումը հայկական Արցախի վրա և բռնազավթումը՝ էթնիկ զտումներով: Եվ սա՝ եթե չհաշվենք Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում, օրինակ, ուղիղ 5 տարի առաջ Իշխանասարի ուղղությամբ ծավալված պակաս մասշտաբային ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին Հայաստանի Հանրապետության տարածքի առ այսօր շարունակվող բռնազավթմանը: Եթե չհաշվենք 9-ամսյա շրջափակման ընթացքում, իսկ այնուհետ ցեղասպանությունից փրկվելու համար Հայաստան տանող տանջալի ճանապարհին զոհված արցախցիներին։

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 3981 ՄԱՐԴ, 191-Ը՝ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ։ Ջերմուկում երկօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհերի թիվը պաշտոնապես կազմել է 220, իսկ 2023-ի «մեկօրյա» պատերազմում Արցախում զոհվել է 223 զինվոր, անհետ կորել են 15-ը։ Նույն այն Պաշտպանության բանակի զինծառայողներ, որոնք, մենակ մնալով ագրեսորի հետ դեմ առ դեմ, հերոսաբար մարտնչում էին, ապահովելով բնակչության անվտանգ տարհանումը, և որին երբևէ վառոդի հոտ չառած վախկոտներն ու դավաճանները մեղադրում են «փախուստի» մեջ։

2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքի վառելիքի պահեստում բռնկված պայթյունի հետևանքով զոհվեց 219 մարդ, 21-ը (այլ տվյալներով՝ 22-ը) անհետ կորան…

Հաշվեք ու ավելացրեք ինքներդ, և կստացվի մոտավորապես հենց այն թիվը, որն այդքան նյարդայնացնում և կատաղեցնում է Փաշինյանին ու իր վեցնոցներին։ Այդ պատերազմներն ու այդ թիվը հետապնդելու են նրանց առհավետ, որքան էլ նրանք գոռան գալիք «խաղաղության» մասին, որպեսզի խլացնեն անանց ցավն ու հասարակության մեծ մասի ըմբռնած ճշմարտությունը. խաղաղություն չի լինելու ո՛չ սահմաններին, ո՛չ երկրի ներսում, մինչև որ չասվի ողջ ճշմարտությունն այս իշխանության բերած պատերազմների, կորուստների ու տառապանքների մասին։

Մինչև որ չպարզվի հնարավորինս բոլոր անհետ կորածների ճակատագիրը և չվերադառնան վերջին գերիները։ Քանզի նույնիսկ այսօր՝ գրեթե 6 տարի անց, նիկոլական ռեժիմը մտադիր էլ չէ պարզել գերության մեջ գտնվող հայերի ճշգրիտ թիվը, ամեն ինչ թողնելով իրավապաշտպանների ուսերին…

Մինչէ որ չնշվեն, չդատվեն ու չպատժվեն նրանք, ովքեր փոքր երկրի և ազգի համար այսպիսի պատմական աղետ թույլ տվեցին ընդամենը մի քանի տարվա ընթացքում: