Логотип

Թրամփը չեղարկել է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված ԱՄՆ հարվածը՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։

 «Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման ալ Սաուդը և ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը խնդրել են ինձ հետաձգել վաղը նախատեսված Իրանի Իսլամական Հանրապետությանը հարվածը, քանի որ լուրջ բանակցություններ են ընթանում, և նրանց կարծիքով՝ որպես գերազանց առաջնորդներ և դաշնակիցներ, կհաջողվի համաձայնության գալ, որը լիովին ընդունելի կլինի Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի և դրանից դուրս գտնվող բոլոր երկրների համար»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում:

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանին հարվածներ հասցնելը, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ Վաշինգտոնի համար ընդունելի գործարքի շուրջ:

Նա «հրահանգել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին և ԱՄՆ զինվորականներին չկատարել վաղը նախատեսված հարձակումն Իրանի վրա, բայց նաև հրահանգ է տվել պատրաստ լինել անհապաղ լայնածավալ հարձակում սկսել Իրանի վրա, եթե ԱՄՆ-ի համար ընդունելի գործարք չկնքվի»։

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարին Իրանի վրա հարձակվելու ֆոնին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր երկշաբաթյա երկկողմանի հրադադարի մասին, իսկ ապրիլի 21-ին միակողմանիորեն երկարաձգել այն։

Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնն Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ գործարքի նոր առաջարկը համարում է «անբավարար»։

Armenia Today