Անցյալ շաբաթ Պեկինում տեղի ունեցած պաշտոնական հանդիսավորության և արարողությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ուներ, որ իրեն կհաջողվի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին համոզել՝ հանդես գալ որպես միջնորդ Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում։ Դա տեղի չունեցավ։ Չինաստանը, հավանաբար, նույնպես կցանկանար պատերազմի ավարտը, ինչպես և երկրների մեծ մասը՝ բացառությամբ Ռուսաստանի։ Սակայն Իրանի նոր առաջնորդները, ինչպես թվում է, հաճույք են ստանում « Հավերի մենամարտից» , որտեղ իրենց հակառակորդը վաղուց արդեն հասկացնել է տվել, որ նախընտրում է առաջինը նահանջել․ գրում է Foreign Policy-ն։
«Թեհրանն ուշադիր կարդում է նույն լուրերը, ինչ ամբողջ աշխարհը։ Եվ էլ ավելի շատ փաստեր մատնանշում են այն, որ այս պատերազմը աղետ է դառնում Թրամփի համար։ Այս պահին, ինչով էլ որ այն ավարտվի, հետևանքները՝ Թրամփի, ԱՄՆ-ի և ամբողջ համաշխարհային տնտեսության համար, դեռ երկար կզգացվեն։ Հարցն միայն այն է՝ հանուն ինչի՞ է այս ամենը։
Սկսենք նրանից, թե ինչի է հաջողվել հասնել Իրանին հասցված հարվածներով։ Ոչնչացվել են առանցքային դեմքեր, նրանց թվում՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Իրանի ռազմաօդային ուժերն ու նավատորմը ծանր կորուստներ են կրել, իսկ հրթիռային կարողությունները թուլացել են։ Սակայն դրանով հաջողություններն ավարտվում են։
Ռեժիմը պահպանվել է, և այն գլխավորում է ավելի երիտասարդ ու ավելի արմատական տրամադրված առաջնորդ։ Ըստ The New York Times-ի հոդվածի, որը հիմնված է ամերիկյան հետախուզության տվյալների վրա, Իրանը դեռևս պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի մոտ 70%-ը, շարժական արձակման կայանների 70%-ը և հասանելիություն ունի Հորմուզի նեղուցի երկայնքով տեղակայված հրթիռային օբյեկտների ավելի քան 90%-ին։ Այն նաև պահպանում է Իսրայելի և Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա հարձակվելու հնարավորությունը։ Եվ, ինչն առավել կարևոր է, նրա մոտ մնում են բարձր հարստացված ուրանի պաշարները։ Եթե պատերազմի նպատակներից մեկը Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հնարավորության բացառումն էր, ապա այդ նպատակին դեռևս չի հաջողվել հասնել»։
Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաշվարկում է սեփական կորուստները։ The Washington Post-ի հետաքննության տվյալներով՝ Իրանը վնասել է 217 օբյեկտ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան 15 ռազմաբազաներում։ CNN-ը հաղորդում է, որ Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, ԱՄԷ-ում և Կատարում ԱՄՆ-ի առնվազն ինը բազաներ լուրջ վնասներ են կրել։ Վերականգնումը կտևի տարիներ և կարժենա միլիարդավոր դոլարներ։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներով՝ ԱՄՆ-ը սպառել է Patriot հրթիռների 50- 60%-ը, ինչն ավելին է, քան Ուկրաինան օգտագործել է Ռուսաստանի դեմ չորս տարվա պատերազմի ընթացքում, ինչպես նաև Tomahawk հրթիռների մեկ երրորդը։ Դրանց արտադրությունը տևում է մինչև չորս տարի։ Նոր ճգնաժամի դեպքում, օրինակ՝ Թայվանի շուրջ, ԱՄՆ-ը կարող է թուլացած լինել։ Եվ չպետք է մոռանալ անձնակազմի կորուստների մասին․ առնվազն 13 ամերիկացի զինծառայող է զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել։ Նրանց ընտանիքներն օրինաչափորեն հարց են տալիս՝ հանուն ինչի՞։
Գրեթե անհարմար է խոսել «փափուկ ուժի» մասին, սակայն առանց ներքին և միջազգային կոնսենսուսի պատերազմ վարելը սահմանափակում է այլ հակամարտություններում նորմերին ու կանոններին հղում անելու ԱՄՆ-ի հնարավորությունը։ ԱՄՆ-ը փաստացիորեն սովորական երևույթ է դարձրել այլ պետությունների առաջնորդների ուժային վերացման գործելոճը։
Հաջորդիվ էներգետիկ ճգնաժամն է։ ԱՄՆ-ում բենզինի գինը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 50%-ով, իսկ դիզելինը՝ 59%-ով։ Հիմնական պատճառը պատերազմն է և Հորմուզի նեղուցի փակումը, ինչը կրճատել է առաջարկը նախկինում գերհագեցած շուկայում։ Եվրոպայում և Ասիայում իրավիճակն էլ ավելի ծանր է։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանը և Ֆիլիպինները, էներգիա խնայելու նպատակով կրճատում են պետական հաստատությունների աշխատանքային շաբաթները և փակում համալսարանները։ Նույնիսկ Հնդկաստանը՝ աշխարհի հինգերորդ տնտեսությունը, քաղաքացիներին կոչ է արել կրճատել վառելիքի սպառումը և դադարեցնել ոսկու խուճապային գնումները։
Եվ սա դեռ միայն սկիզբն է։ Գները կարող էին էլ ավելի աճել, եթե ԱՄՆ-ն չավելացներ նավթի արտահանումը և չօգտագործեր ռազմավարական պաշարները։ Չինաստանը նույնպես ծախսում է իր պաշարները։ Սակայն, եթե այս միջոցառումները դադարեցվեն, կամ եթե Պեկինը փոխի իր ռազմավարությունը, գները կարող են կտրուկ թռիչք գրանցել։ Ամենից շատ կտուժեն ամենաաղքատ տնտեսությունները։
Հումքային այլ շուկաները ևս դեֆիցիտ են զգում։ Սովորական ժամանակներում Հորմուզի նեղուցն ապահովում է համաշխարհային նավթի և գազի մեկ հնգերորդի, ինչպես նաև պարարտանյութերի մեկ հնգերորդի և համաշխարհային հելիումի մեկ երրորդի փոխադրումը։ Դա արդեն իսկ ռիսկեր է ստեղծում գլոբալ պարենային ճգնաժամի և հելիումից կախվածություն ունեցող կիսահաղորդիչների բացակայության համար։ Որքան երկար է տևում ճգնաժամը, այնքան բարձրանում է գինը։
Համաշխարհային տնտեսության աճն արդեն իսկ դանդաղում է։ Ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրեց աճի կանխատեսումը 3,4%-ից մինչև 3,1%, և հետագա անկումն անխուսափելի է թվում։ Երկարատև ճգնաժամի դեպքում աճը կարող է ընկնել մինչև 2%՝ մի մակարդակ, որն աշխարհը տեսել է ընդամենը մի քանի անգամ վերջին տասնամյակների ընթացքում։ Եթե այդ սցենարն իրականանա, խոսքը կարող է պատմական մասշտաբի գլոբալ ռեցեսիայի (տնտեսական անկման) մասին։
Տուժում են նաև ԱՄՆ դաշնակցային հարաբերությունները։ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խնդրել էր օգնել Հորմուզի նեղուցի մաքրման և ականազերծման հարցում, սակայն աջակցություն չստացավ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ Իրանը «նվաստացրել է», ԱՄՆ-ին, ինչը միայն վատթարացրեց հարաբերությունները։
Պարսից ծոցի երկրներում մեծանում է տագնապը․ ամերիկյան բազաների տեղակայումն այժմ ընկալվում է որպես իրենց տարածքները պոտենցիալ թիրախների վերածման: Տարածաշրջանի տնտեսությունները նույնպես տուժում են․ օրինակ՝ Կատարի տնտեսությունը, ըստ կանխատեսումների, գազի արտահանման անկման պատճառով կկրճատվի գրեթե 9%-ով։
Ասիայում ԱՄՆ դաշնակիցներն էլ ավելի հաճախ են հարց տալիս՝ արդյո՞ք Վաշինգտոնն իրեն չի պահում որպես անկանխատեսելի խաղացող, այն դեպքում, երբ հակառակորդները՝ Չինաստանն ու Ռուսաստանը, օգուտներ են քաղում։ Ռուսաստանը, օրինակ, պատերազմի սկզբից ի վեր կրկնապատկել է նավթային եկամուտները։
Թրամփը տեսականորեն կարող է գնալ հետագա լարվածության սրման, սակայն դա կբերի էլ ավելի անորոշ արդյունքներ և էլ ավելի մեծ ռիսկեր։ Դիվանագիտությունն ավելի նախընտրելի է թվում, սակայն մնում է գլխավոր հարցը՝ ինչո՞ւ էր պետք սկսել պատերազմը։
Եվ այստեղ ամեն ինչ վերադառնում է Պեկինում Թրամփի և Սի Ծինփինի հանդիպմանը։ Եթե դուք լինեիք Չինաստանի առաջնորդը, արդյո՞ք կմիջամտեիք, քանի դեռ ձեր գլխավոր ռազմավարական մրցակիցը գործում է, թերևս, իր ամենամեծ սխալը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։
