Логотип

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը Հայաստան կժամանի մայիսի 22-ին

Հունիսի 7-ին անցկացվելիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավարը Երևան կժամանի մայիսի 22-23-ը՝ հաջորդ ամիս դիտորդների լիամասշտաբ տեղակայման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։

Չեռնոգորիայի խորհրդարանի պատգամավոր և ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի և անվտանգության գլխավոր հանձնաժողովի փոխնախագահ Եվրոսիմա Պեյովիչը հանդիպումներ կունենա զրուցակիցների լայն շրջանակի հետ՝ նախընտրական ընդհանուր իրավիճակի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար։

Այցի նպատակն է պատկերացում կազմել նախընտրական համատեքստի և առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին։ Երկու օրվա ընթացքում Պեյովիչը կհանդիպի պետական մարմինների, ընտրական վարչարարության, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղում արդեն իսկ աշխատող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ (ODIHR) առաքելության հետ։

Պեյովիչն աշխատելու է հատուկ համակարգող Ֆարահ Քարիմիի (Նիդերլանդներ) հետ համատեղ, որը կգլխավորի ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը սերտորեն կհամագործակցի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատվիրակությունների հետ։

Ակնկալվում է, որ ԵԱՀԿ տարածաշրջանի ավելի քան 30 երկրներից ավելի քան 100 խորհրդարանականներ և աշխատակիցներ կմասնակցեն դիտորդական առաքելությանը, ինչը հնարավորություն կտա ընտրական գործընթացի համապարփակ գնահատական տալ։

News.am