«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանների խումբը զրպարտության հիմքով դատական հայց է նախապատրաստում «Հանրային» հեռուստաընկերության դեմ, մայիսի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ հայցի պատճառը հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութն է, որտեղ վիրավորական բառապաշարով անդրադարձ է կատարվել Ծառուկյանին և նրա ընտանիքի անդամներին։
«Շատ եմ ցավում, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է «Հայկական ժամանակի» դուստր ձեռնարկության կամ Civic-ի հոգեզավակի տեղը։ Իրապես ցավալի է, որ մեր բոլորի հարկերից սնվող լրատվամիջոցը, որին մշտապես դիտարկել ենք որպես պրոֆեսիոնալ լրատվություն մատուցող հեռուստաընկերություն, նման կեցվածք է որդեգրել»,- հայտարարել է նա։
ԲՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերի կողմից պարբերաբար հնչում են տարատեսակ քննադատություններ այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի վերաբերյալ, սակայն բացարձակ անընդունելի է, երբ այդ քննադատությունը հատում է բարեկրթության սահմանները։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կոշտ հայտարարություններ էր հնչեցրել ԲՀԿ առաջնորդի հասցեին։ Մասնավորապես, մայիսի 20-ին Փաշինյանն սպառնացել էր վերահսկողության տակ վերցնել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ը, այնուհետև սպառնացել, որ Ծառուկյանի Առինջ գյուղում գտնվող տունը կպետականացնի և կդարձնի ծերերի խնամքի կենտրոն։
Վարչապետի հայտարարություններին ի պատասխան՝ Ծառուկյանն, իր հերթին, նշել էր, որ իշխանությունները միայն հիմա՝ կառավարությանը քննադատելու ֆոնին են հիշել մոտ 20 տարի առաջ իր ձեռք բերած գործարանի մասին, իսկ իր առանձնատունը պետականացնելուն ի պատասխան՝ առաջարկել էր կառավարական առանձնատունը դարձնել վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն։
Armenia Today
