Логотип

ԱՅՍՏԵՂ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆԱ․ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՔՎԻ ԲԱՆՏԻՑ (ԱՈՒԴԻՈ)

Ադրբեջանում 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտված հայ գերիների պաշտպանական կողմը մինչ օրս չի ստացել ո’չ դատավճռի ամբողջական տարբերակը, ո’չ էլ մեղադրական ակտը։ Ընտանիքի միջոցով հղված իր ուղերձում այս մասին ասել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը (դատապարտվել է ցմահ ազատազրկման– խմբ․)։

Դատավճիռները բողոքարկվել են, և երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստը, իսկ հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։

«Խաղաղություն և դատավարություն․ շատ յուրահատուկ է՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը ձգձգումներով և արհեստական խոչընդոտներով մեզ է փոխանցվել ապրիլի 21-ին, սակայն մինչև հիմա ո՛չ պաշտպանական կողմը, ո՛չ մեղադրող կողմը չեն ստացել այդ դատավճռի ամբողջական տեքստը»,- նշում է Իշխանյանը։

Երեկ դատարանում նա միջնորդություն է ներկայացրել, որ բոլոր պաշտպաններին տրամադրվի դատավճռի ամբողջական տարբերակը, ինչպես նաև մեղադրական ակտը, բայց դատարանը «զարմանալիորեն և ինչ-որ տեղ հասկանալիորեն» մերժել է ներկայացված իմ միջնորդությունը։ Իշխանյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ նրանք, ովքեր կկարողանան ծանոթանալու մեղադրական ակտին, կհասկանան, թե արդար ու թափանցիկ դատավարության հետ ինչ աստիճանի կապ չունի տեղի ունեցած գործընթացը։

«Այդտեղ ոչ մի արդար բան չկա, ամբողջությամբ գրաքննվող, վերահսկողության տակ գտնվող հաշվեհարդարի դատավարություն է, հանրայնացումն էլ նույն կերպ է տեղի ունենում՝ մոլորեցնելով Ադրբեջանի, ինչպես նաև միջազգային հանրությանը»,- նշում է Իշխանյանը։

Նա ևս 2 միջնորդություն է ներկայացրել․ առաջինով դիմել է դատարանին բաց դատավարություն կազմակերպելու խնդրանքով, որպեսզի այն օնլայն ռեժիմով հեռարձակվի։ Ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ դատարանը մերժել են միջնորդությունը։

Երկրորդ միջնորդությունը վերաբերել է դատավարությունը լուսաբանող «Azertag» լրատվամիջոցի ներկայացուցիչներին դատավարությանը ներկա գտնվելն արգելելուն, քանի որ այն ապատեղեկատվություն ու կեղծիք է տարածում, սակայն դա ևս մերժվել է։

«Պաշտպաններից մեկը չհամբերեց և պոռթկաց՝ «մենք մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար»։ Ընդհանուր առմամբ, դա տրագիկոմեդիա է, և Ֆրանց Կաֆկան կերազեր ներկա գտնվելու այդ դատավարությանը, և դա ներշնչանք կլիներ, որ նա նոր ստեղծագործություն գրեր կամ «Դատավարություն» ստեղծագործության երկրորդ բաժինը»,- կարծում է Իշխանյանը։

Իր ուղերձում նա հիշեցրել է, որ մայիսի 6-ին բանավոր դիմել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանին, որ նա պահանջի, ստանա և Իշխանյանի ընտանիքին փոխանցի դատավճռի հայերեն և ադրբեջաներեն տարբերակները։ Նույն խնդրանքով դիմել է նաև Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևային, ում հետ նաև հանդիպել է մայիսի 5-ին (շուրջ 2 ամիս առաջ նամակ էր գրել Ալիևային, սակայն չէր կարողանում փոխանցել այն– խմբ․)։ Ալիևան խոստացել է, որ ամեն ինչ կանի դատավճռի ադրբեջաներեն տարբերակը ստանալոը և Իշխանյանի ընտանիքին փոխանցելու համար, սակայն դեռևս արձագանք չկա։ Իշխանյանի խոսքով՝ ինքը շարունակում է 2 երկրների ՄԻՊ-երից արձագանքի սպասել։

Նշում է՝ տեղի ունեցող դատավարությունը ձգձգվող է և համապատասխանեցված է քաղաքական գործընթացներին։

«Դեռ 2024թ․ հունվարի-փետրվար ամիսներին, երբ մեզ հետ հանդիպում էին անհատ պաշտոնյաները, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան Հայաստանի իշխանությունները ցանկանան։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք՝ ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ցանկանա, որ մենք վերադառնանք։ Բայց այսօրվա տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի։ Ցավոք` այդպես է»,- նշում է Իշխանյանը։

Նրա խոսքով՝ դատավարությունը, տեղի ունեցող քաղաքական գործընթացները, այդ թվում՝ Հայաստանում, արցախցիներին ուղղված խոսքերն ու հայտարարություններն այլ կարծիքի տեղ չեն թողնում։

Եզրափակելով ուղերձը՝ Իշխանյանը նշում է՝ թեպետ 3 տարի է՝ Բաքվի բանտում են, բայց սկզբունքայնությունը, ողջախոհությունը, ոգու և կամքի ուժը իրենց չեն լքել։ Օգտվելով հնարավորությունից՝ Իշխանյանը շնորհավորում է հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ պետականության վերականգման օրվա առիթով ու մաղթում․ «Պինդ եղեք»։

Sputnik Արմենիա