Իրավապահ համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ նրա համար իրավակարգավորումը, օրենսդրությունը որևէ նշանակություն չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Օգոստոսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, ըստ որոնց՝ իրավապահ համակարգում կան անձինք, որոնք ծառայություններ են մատուցում Քոչարյանների ընտանիքին, հայտարարեց, որ խնդիր է դրել բացահայտելու տեղեկատվության արտահոսք իրականացնող անձանց։ Նա նշեց` եթե կոնկրետ ժամկետում կոնկրետ անուններ ու ապացույցներ չեղան, իրավապահ համակարգում զանգվածային ազատումներ են լինելու։ «Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ»,– ասաց Փաշինյանը։
«Որպես երկրի ղեկավար՝ նա իրավունք չունի այդպիսի հայտարարություններ անելու, եթե նույնիսկ արտահոսք է եղել, պետք է պարզվի օրենքով սահմանված կարգով»,– նշեց Ասլանյանը։
Երևանի նախկին դատախազը արտահոսքի հնարավորությունը քիչ հավանական է համարում` միաժամանակ հավելելով, որ անգամ եթե լիներ էլ, պարտադիր չէ, որ լիներ հենց իրավապահ համակարգից, ինչը վստահաբար պնդել է Փաշինյանը։
«Արտահոսք կարող էր լիներ և՛ դատական համակարգից, քանի որ խուզարկությունների թույլտվությունները դատարաններն են տվել, և՛ քննչական մարմնից, և՛ ազգային անվտանգության ծառայությունից, ովքեր գնացել են տվյալ հասցե և այլն։ Արտահոսքի աղբյուրը ինքն է, 1 օր առաջ ինքը Ազգային ժողովի ամբիոնից ասաց` ինչ է անելու։ Լևոն Քոչարյանի հետ կռվում է ԱԺ նիստերի դահլիճում, դրանից հետո հայտարարում է, թե կզրկվեք ամեն ինչից, նույնիսկ ժառանգություն չեք ստանա, կտեսնեք` ինչ եմ անելու։ Հաջորդ օրը գնում են խուզարկության։ Բնական է, չէ՞, որ ցանկացած մարդ հասկանում է, որ այդ հայտարարություններին հաջորդել են գործողություններ»,– նշեց Ասլանյանը։
Ի դեպ, հունիսին, երբ սոցիալական կայքերում տեսանյութ տարածվեց, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, մամուլը գրեց, որ տեսանյութի արտահոսքը կազմակերպել է Ազգային անվտանգության ծառայությունը։ Ավելի ուշ ԱԱԾ–ն պաշտոնապես հաստատեց, որ կադրերը իրենք են տրամադրել իշխանամետ լրատվամիջոցներին։
Համեմատելով երկու միջադեպերը` Ասլանյանն ընդգծեց` երբ տարածված տեղեկությունը իշխանությանը ձեռնտու է, արտահոսքը նորմալ է համարվում։
«Հրապարակելու նպատակահարմարությունը ԱԱԾ–ն չի որոշում, օրենքն է որոշում։ Հրապարակման նպատակահարմարության տիրույթում կարող են հայտնվել անձնական գաղտնիք, ընտանեկան գաղտնիք, բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություններ և այլն, որոնց պաշտպանությունը օրենքով սահմանված կարգով երաշխավորված է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը իրեն օրենքից դուրս է դրել։ Ինքը մտածում է, որ օրենքի, իրավունքի աղբյուրն ինքն է։ Ի՞նչ է նշանակում՝ ցանկացած բան կարող է հրապարակել»,– ասաց Ասլանյանը։
