Логотип

ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԶԵՎՍԻՆ, ՉԻ՞ ԿԱՐԵԼԻ ԵԶԻՆ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԹՐԱՄՓԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս իր լիակատար աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում վերընտրվելու համար։

Ինչպես հայտնել ենք, Թրամփը գրել էր, որ հունիսի 7-ի ընտրություններում լիովին աջակցում է Փաշինյանին, ու որ Փաշինյանը լիարժեքորեն կիսում է իր տեսլականը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման հարցում։

«Ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին։ Ինքնիշխաններ, ի՞նչ կա, բան չունե՞ք ասելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։ Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞ ոչ»,– ֆեյսբուքյան էջում նման հարցադրում է արել Շարմազանովը։

Շարմազանովի պնդմամբ՝ եթե համանման աջակցություն հնչեր մեկ այլ պետության ղեկավարի կողմից, օրինակ՝ ի պաշտպանություն ընդդիմադիր որևէ թեկնածուի, ապա նույն այդ շրջանակները միաբերան կաղաղակեին, որ տեղի է ունենում ճնշում Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։

«Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի` ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։ Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ»,– նշել է նա։

Ավելի ուշ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շարմազանովն օրինակ բերեց Ռուսաստանին։

«Եթե ընդդիմությանը որևէ այլ պետություն, տվյալ դեպքում` Ռուսաստանը, նույնիսկ սրա մի տոկոսի չափ ակնարկ աներ, ապա ՀՀ «ինքնիշխանները»՝ նիկոլականներից մինչև արևմտյան գրանտներ ստացողներ, ինչ հագուստ ուզեին, կճղեին ու կբղավեին, որ վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը` Պուտինը, Լավրովը կամ Մեդվեդևը, ա՜յ, միջամտում են ՀՀ ներքին գործերին, իսկ ընդդիմությունը ՌԴ լրտես է»,– ասաց նա։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Sputnik Արմենիա