Логотип

ԱԹՈՅԱՆ․ ՏԵՂԱԿԱՆ ՁԿՆԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆՆԵՐԻՑ ԵՄ ՇՈՒԿԱ ԽՈՍՏԱՆԱԼԸ ԴԵՄԱԳՈԳԻԱ Է

Հայաստանյան ձկնարտադրողները ստիպված կլինեն նվազեցնել իրենց արտադրական ծավալները, արտադրեն այնքան, ինչքան կկարողանան իրացնել. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը` մեկնաբանելով ՌԴ արտահանման հետ կապված խնդիրները։

Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ Հայաստանը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում` բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումը։ Ընկերությունը մայիսի 21-27-ը ստուգել է ձկների վերամշակման ձեռնարկությունները ՀՀ-ում, դրանց 50% հրաժարվել է ստուգումներից։

Ստուգման արդյունքների հիման վրա արտահանման թույլտվություն են ստացել «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ընկերությունները։

Աթոյանի գնահատմամբ` 2 ընկերությունների ընտրությունը պայմանավորված է դրանց աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ։ Մյուսները, նրա խոսքով, ստիպված կլինեն ավելի հետևողական լինել իրենց արտադրանքին ներկայացվող պահանջներին։

Պաշտոնական տվյալներով` այսօր ՀՀ–ից ՌԴ տարեկան մի քանի 100 տոննա ձկնամթերք է արտահանվում։ Արտահանման ծավալների նվազման հետևանքով, միության նախագահի կարծիքով, հայաստանցի ձկնարտադրողները ֆինանսական խնդիրներից բացի նաև արտադրական ծավալների նվազեցման ռիսկի առաջ կկանգնեն, հատկապես` պետական աջակցության բացակայության պայմաններում։

«Ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Պետությունը կօգնի, թե չի օգնի, ինչքանով կարողանա օգնել, ինչպես կօգնի ձկնարտադրողին, հայտնի չէ։ Գուցե շատ պատասխանատու արտահայտություն եմ թույլ տալիս, բայց պետությունը շատ բան կարող է անել, եթե իմանա՝ ինչ անի ու ինչպես անի»,– ասում է Աթոյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ արտահանման հնարավորություններին, Արթուր Աթոյանի պնդմամբ, հայաստանյան ձկնաբուծարանների միայն արտաքին տեսքը` տարածքը, լճերը, բավական են հասկանալու համար, որ դրանց ավելի քան 70-80 տոկոսը հեռու են Եվրոպայի պահանջներից։ Այս պայմաններում տեղական արտադրողներին ամենաբարձր ամբիոններից ԵՄ շուկա խոստանալը, նրա որակմամբ, ուղղակի դեմագոգիա է։

«1-1.5 տարի առաջ լուրերով լսում ենք պետական կառույցի ներկայացուցիչի կողմից, որ ոգևորված ասում է, թե եվրոպական շուկան արդեն բաց է մեզ համար, կարող ենք արտահանել։ Տեսեք ինչ են խոսում, չեն էլ ամաչում։ Մարդ այդքան դեմագոգ կարո՞ղ է լինել։ Դա նշանակում է, որ իրենք ոլորտին ծանոթ չեն, ոլորտը չեն պատկերացնում, չեն ուսումնասիրել։ Ոլորտին ծանոթ մարդը ո՞նց կարող է նման հայտարարություն անել»,– ասում է Աթոյանը։

Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը։ Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել էր` առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։ Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը, նրա խոսքով, ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։

Sputnik Արմենիա