Логотип

ԽԻՍՏ ՔՎՈՏԱՆԵՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՄ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԿՈԲՅԱԿՈՎԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի համար չափազանց դժվար կլինի մուտք գործել Եվրամիության շուկա, քանի որ անգամ ԵՄ-ին վերջերս միացած երկրներն են բախվել են գյուղմթերքի արտահանման խիստ քվոտաների։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ այս տեսակետը հայտնեց տնտեսական գիտությունների թեկնածու, Մոսկվայի տնտեսական համաժողովի միջազգային կապերի զարգացման գծով տնօրեն Անդրեյ Կոբյակովը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին ավելի ուշ անդամակցած երկրներն ի սկզբանե բախվել են օրենսդրորեն ամրագրված առևտրային սահմանափակումների, որոնք նրանց պարտադրել են միության հնաբնակները:

«ԵՄ-ին անդամակցելու պահին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան, Ռումինիան, գուցեև ակնկալում էին, որ Եվրոպայի համար կդառնան նույնպիսի բանջարանոց, ինչպիսին ժամանակին ՏՓԽ-ն էր (տնտեսական փոխօգնության խորհուրդ) կամ Խորհրդային Միությունը։ Սակայն համաձայնագրի ստորագրման և նախապատրաստման փուլում որոշվեց, որ այդպես չի լինի», – ասաց Կոբյակովը։

Տնտեսագետը նշեց, որ ԵՄ-ի ներսում բավակաին խիստ քվոտաներ են գործում, հատկապես գյուղմթերքի մասով: Եվ նույնիսկ նոր անդամների համար որոշ ապրանքներ կարող են նախապես արգելափակվել մրցակիցների կողմից:

Նրա խոսքով` հատկանշական է Հունաստանի դեպքը։ Իսպանիան և Պորտուգալիան պահանջում էին, որ Հունաստանը հրաժարվի աղանդերային գինիների արտադրությունից, քանի որ դրանք կմրցակցեն այդ երկրների պորտվեյնների՝ մադերաների հետ:

«Եվ Հունաստանը ստիպված էր փակել այդ բարձր մրցակցային, շատ որակյալ խմիչքի արտադրությունը», – նշեց Կոբյակովը:

Փորձագետը վստահեցրեց` Եվրոպայում գյուղմթերքի շուկան լեփ-լեցուն է, ապահովված է բոլոր տեսակի ապրանքների ամբողջական բազմազանությամբ։ Ուստի այնտեղ մուտք գործելը, անգամ լինելով ԵՄ անդամ, շատ դժվար է։

Նա անդրադարձավ նա Լիտվային և այդ երկրի՝ ժամանակին հայտնի պանրի արտադրությանը։ Կար մի քանի տասնյակ տեսակի պանիր, սակայն միայն Ֆրանսիայում արտադրվում է 1800 տեսակի սերտիֆիկացված պանիր։ Նաև պանրի արտադրություններ ունեն Իտալիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան (թեև ԵՄ անդամ չեն), որ իրացնում են ԵՄ-ում։

«Արդյունքում Լիտվան իր արտադրանքը ուղարկեց դեպի Ռուսաստան և մինչև վերջերս վաճառում էր այստեղ, քանի որ ԵՄ-ում այդ արտադրանքի պահանջարկ չկար և չէր էլ կարող լինել», – ասաց Կոբյակովը՝ հավելելով, որ նման օրինակները շատ են։

Մյուս կողմից, տնտեսագետի խոսքով, ԵՄ-ին վերջերս միացած երկրները միության միջին ցուցանիշների համապատասխան տնտեսական աճ չեն գրանցում:

«Սկզբնական փուլում ԵՄ-ն վարում էր տարածաշրջանային հավասարեցման քաղաքականություն ավելի քիչ զարգացած և ավելի զարգացած երկրների միջև՝ սուբսիդիաների և հատուկ ֆոնդերի միջոցով։ Բայց այդ ծրագիրը փաստացի դադարեց աշխատել», – ասաց տնտեսագետը։

Արդյունքում, նրա խոսքով, ԵՄ-ում անհավասարություն հաստատվեց։ Այնտեղ կա որոշակի նշագիծ, որից այնկողմ երկրներն ինչպես եղել են անդամակցության պահին, այդպես էլ մնացել են։

Կոբյակովը նշեց, որ սոցիալիստական ժամանակաշրջանում որոշ երկրներում եղել են այդ պահի համար բարձր տեխնոլոգիական արտադրություններ։ Բայց կատարվեց ապաինդուստրիալացում, արտադրության արդիականացում չեղավ` բացառությամբ այն երկրների և ընկերությունների, որոնք, օրինակ, գերմանական կապիտալ ստացան (Skoda-ն դարձավ Volkswagen-ի մասնաճյուղ)։ Իսկ գյուղատնտեսությունը սահմանափակումների պատճառով սահմանափակումների պատճառով չի կարող զարգանալ։

«Արդյունքում սկսում է նվազել բնակչության զբաղվածության ցուցանիշը, աճում է արտագաղթը։ Բուլղարիայից սկսում են մեկնել այլ երկրներ և աշխատել որպես խնամողներ, մատուցողներ, հավաքարարներ», – նշեց Կոբյակովը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց վերջին տասնամյակներում ԵՄ-ում գրանցված չափազանց ցածր աճի տեմպերի վրա (մոտ 1%)։

Եվ այս պայմաններում նման միավորմանը միանալու փորձը, որտեղ փաստացի երկարաժամկետ լճացում է, նման է «ոչ մի տեղ չգնացող կամ նույնիսկ խորտակվող նավի», ինչը, նրա կարծիքով, այնքան էլ խելամիտ չէ։

«Եվրոպական տնտեսության հեռանկարները գնալով նվազում են։ Համաշխարհային տնտեսության մեջ նրա տեսակարար կշիռը կայուն նվազում է (վերջին 35 տարում՝ 1,5 անգամ)։ Եվրոպացի առաջնորդներն իրենք են խոսում հրատապ բարեփոխումների անհրաժեշտության մասին, սակայն խոսքերից բացի դեռ ոչինչ չեն կարողանում առաջարկել», – նշեց Կոբյակովը։

Հիմա նրանք խոսում են ռազմական գնումների բյուջետային ծախսերի մասին, ինչը պետք է առաջ մղի տնտեսությունը։ Բայց սա արկածախնդրություն է, որը չի բարձրացնում բարեկեցության մակարդակը և միայն մոտեցնում է վտանգավոր սցենարները։

«Եվ այդ դաշինքում գտնվելը, միաժամանակ փորձելով պահպանել մեր երկրի հետ որոշակի հարաբերություններ, բավական արկածախնդիր քայլ է», – նշեց Կոբյակովը:

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս լիարժեք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն չի կարգավորել դեպի ԵՄ երկրներ արտահանման համար:

Sputnik Արմենիա