Логотип

Զատուլին․ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության երկընտրանքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքով անցնող միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը պայմանավորված է Իրանը շրջափակելու ցանկությամբ, և այս սցենարում Հայաստանին նույնպես առանձին դեր է վերապահված։ Sputnik–ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում այսօր կայացած Լազարևյան ակումբի «Ռուսաստան և Հայաստան. միասի՞ն, թե՞ առանձին» թեմայով արտահերթ նիստի շրջանակներում։

«Այս իրավիճակում Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Վենսի հետաքրքրությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ՝ տարբեր երևակայական նախագծերի առաջմղման հարցում, ինչպիսին է «Թրամփի միջանցքը», իրականում փոխկապակցված է նաև այս կողմից Իրանի համար սպառնալիք ստեղծելու ցանկության հետ։ Եվ, անշուշտ, առաջին արդյունքը կլինի Իրանի հետ բոլոր տեսակ կապերի խզումը, որոնց վրա Հայաստանը հենվել է անկախության ողջ ժամանակահատվածում։ Սա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հարվածի տակ հայտնված Իրանի շրջափակման փորձ է, որում Հայաստանին նույնպես դեր է վերապահված»,- նշել է Զատուլինը։

Նրա տեսանկյունից՝ դրա հետևանքով Հայաստանը բացարձակ կախվածության մեջ կմնա առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի վարքագծից։ Եվ ոչ մի Ֆրանսիա կամ ԵՄ այլ երկիր իրականում այստեղ չեն հայտնվի։

Ընդհանրացնելով՝ Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության երկընտրանքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է։

Sputnik Արմենիա