Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասից (Շիրակի 49 հասցե) 2 մարդ է բերման ենթարկվել, որոնցից 1–ը քարով հարվածել է ոստիկանության ծառայողական մեքենային։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Այսօր Աերացիայում լարված իրավիճակ էր, քանի որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, գնացել էին այնտեղ՝ 4 տուն ապամոնտաժելու։ Բնակիչների և պատկան մարմինների միջև բախում սկսվեց, բնակիչներից մեկը կոտրեց ոստիկանության մեքենայի ապակին։ Ավելի ուշ բնակիչների ջանքերի շնորհիվ քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև ապամոնտաժման համար բերված տրակտորը հեռացան տարածքից։
«Շիրակի 49 հասցեում Երևանի քաղաքապետարանի իրականացրած միջոցառման ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 2 անձ պաշտոնական անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու անմիջական կասկածանքով։ Նրանցից մեկը քարով հարվածել, կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին»,- ասացին ոստիկանությունից։
Կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական բաժին փոխանցելու համար։
Հիշեցնենք, որ ըստ բնակիչների՝ տարածքն ինչ-որ մեկը գնել է, այդ պատճառով են ուզում տարածքի տները քանդել։ Բնակիչներն այդ հատվածում ապրում են 17-20 տարի, գրանցված են այդտեղ, կոմունալները վճարում են` չնայած իրենց տներն ապօրինի են։
Այժմ այդ տարածքի ապրողները պահանջում են, որ գնորդը գոնե իրենց որոշակի աջակցություն տրամադրի և ժամանակ տա այլ տներ գտնելու համար։
