Логотип

Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ-ի դեմ հայց է ներկայացրել դատարան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա վիճարկում է ԿԸՀ–ի` հունիսի 17-ի որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն տվեց, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։

Հայցադիմումը, որը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին, դեռևս վարույթ չի ընդունվել։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 16-ին դիմեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի, այդ թվում` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։

Հունիսի 17-ին փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց` Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ. գործը վերաբերում է 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի այդ գործարքի հետ։