Եթե խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերի պատգամավորության բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացնեն, ապա ՀՀ ընտրական օրենսգիրքը մանդատներն այլ ուժերին փոխանցելու հնարավորություն չի նախատեսում։ ԼուրջCast-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա գնահատմամբ՝ եթե բոլոր 412 թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ելք ունի՝ կամ մանդատները փոխանցել մյուս՝ ավելի քիչ ձայն հավաքած ուժերին (դիմելով ՍԴ համապատասխան կարգավորման համար կամ խորհրդարանում նոր օրենք ընդունելով), կամ գնալ արտահերթ ընտրությունների։ Առաջին տարբերակը Արփինե Հովհաննիսյանն հավանական չի համարում։
«Փաշինյանն ինքն իր նկատմամբ կարմիր գիծ չի խախտի, ինքն իր ստեղծած լեգիտիմ պատկերի վրա չի կրակի»,- կարծում է Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նման քայլը ծայրահեղ կապալեգիտիմացնի նրան։
Ըստ նրա՝ այս դեպքում անգամ տեխնիկապես շատ դժվար է լինելու մանդատների բաշխում անել, հռետորական հարց է ուղղում, օրինակ, քանի՞ մանդատ կարող է ստանալ 33 հազար ձայն հավաքած ուժը։
«Դա այն աստիճան տիեզերական մասշտաբի խայտառակություն և ապալեգիտիմ գործողություն կլինի, որ ավելի հավանական է՝ մի կերպ յոլլա կգնան պառլամենտում, հետո կգնան արտահերթ ընտրությունների»,- կարծում է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ այս պարագայում արտահերթ ընտրությունները կարող են մեկ տարի հետո կամ դրանից էլ շուտ լինել։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները, «Հայաստան» կուսակցությունների դաշինք) դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։
