Մոսկվան միշտ մնալու է ռազմավարական գործընկեր Երևանի համար, իսկ տնտեսական առումով Հայաստանի համար ոչ մի երկիր չի կարող փոխարինել Ռուսաստանին։ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց Ռուսաստանի միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Կիկուն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կայացած կլոր սեղանի ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ պնդումը հիմնված է և՛ պատմական փորձի, և՛ վիճակագրության, և՛ երկու ժողովուրդների միջև կապերի ավանդույթների վրա։
«Ցավոք, վերջին շրջանում Հայաստանում առաջ են մղվում ոչ միանշանակ խոսույթներ։ Նաև այն մասին, թե իբր Թուրքիան կարող է դառնալ Ռուսաստանին փոխարինող և այլն։ Ռուսաստանին` որպես դաշնակցի և Հայաստանի համար հիմնական առևտրատնտեսական գործընկերոջ, հավանաբար երբեք փոխարինող չի լինի։ Ռուսաստանն ու Հայաստանը դավանանքի, մշակույթի, միջանձնային հարաբերությունների, մարդկային գործոնի տեսանկյունից միշտ ունենալու են հատուկ հարաբերություններ։ Հուսով եմ, որ Հայաստանի համար Ռուսաստանը միշտ կմնա ռազմավարական գործընկեր», — Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց խորհրդի ղեկավարի տեղակալը։
Նա նաև ընդգծեց, որ նման իրավիճակում գլխավորը նմանօրինակ նարատիվներին գրագետ դիմակայելն է և ռուս-հայկական օրակարգը դրական իմաստով առաջ տանելը։
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Նուբար Կուլիևան, համաձայնելով հնչեցրած գնահատականների, հավելեց, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները գտնվում են նախևառաջ Երևանի և Բաքվի հարաբերությունների համատեքստում:
«Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն ուղղակիորեն կապված են բոլոր համաձայնագրերի ամբողջական կարգավորման, ստորագրման և վավերացման գործընթացի հետ և առաջին հերթին առևտրատնտեսական բնույթ ունեն։ Դա կարող է շահավետ լինել և՛ Հայաստանի համար, եթե հաշվի առնենք շրջափակված լինելը, և՛ Թուրքիայի համար՝ հարևաններից մեկի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պրագմատիկ է», – ասաց Կուլիևան։
ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2026 թվականի հուլիսի 7-8-ը։ Դաշինքի 32 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների երկօրյա հանդիպումը, որը կազմակերպվել էր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, ավարտվել է ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ և մի շարք համաձայնագրերով:
