Հաստատվել է համընդհանուր բժշկական ապահովագրության շրջանակում բոնուսային միավորների հաշվարկման կարգը։ Համապատասխան որոշման նախագիծը այսօր՝ հուլիսի 9-ին հավանության է արժանացել Հայաստանի կառավարության նիստում։
Նշվում է, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով նրան կկուտակվեն բոնուսային միավորներ, եթե օրացուցային տարվա ընթացքում նրա անունով այլ ապահովագրական հատուցում գրանցված չլինի՝ բացառությամբ կանխարգելիչ ծառայությունների։
Հստակեցվում է, որ բոնուսային համակարգի ներդրումը միտված է առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման քաղաքականության իրականացմանը, որը նաև նախատեսում է բոնուսային միավորների նկատմամբ կիրառվող լրացուցիչ գործակիցների համակարգ։
Լրացուցիչ գործակիցները կկիրառվեն բոնուսային միավորների նկատմամբ այն դեպքում, եթե անձը հանդես է եկել որպես արյան դոնոր, կամ առաջնային օղակի բուժաշխատողը պարբերաբար գրանցել է մարդու առողջ ապրելակերպի ցուցանիշների բարելավում՝ կապված մարմնի զանգվածի ինդեքսի կամ ծխելուց և ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու հետ։
Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար ապահովագրված անձի հաշվին փոխանցվող բոնուսային միավորների վերջնական գումարը չի կարող գերազանցել նրա կողմից վճարված տարեկան ապահովագրական գումարի 10%-ը, այսինքն՝ 12960 դրամը։
Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կհանգեցնի առողջ ապրելակերպի խրախուսման արդյունավետ մեխանիզմի ներդրմանը, ապահովագրված անձանց կանխարգելիչ վարքագծի, ինչպես նաև հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման մակարդակի բարձրացմանը։ Բժշկական ապահովագրության զեղչերը կսկսեն գործել 2029 թվականից։
News.am
