Логотип

Վանդալիզմի դեպք Սկյուտարի հայկական եկեղեցու գերեզմանատանը․ դամբարաններ են վնասել

Վանդալիզմի դեպք է գրանցվել Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը։ Այդ մասին հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։

Հուլիսի 7-8-ի գիշերն անհայտ անձը ներխուժել է գերեզմանատան տարածք և վնասել է վեց դամբարան, ինչպես նաև տարածքում գտնվող աղբյուրը։

«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար»,- հայտնում են պատրիարքարանից։

Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։ Սկյուտարում 1838 թվականին հիմնադրվել է Սկյուտարի ճեմարանը, որը հայ աշխարհիկ առաջին ճեմարանն էր։

Հավելենք, որ այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։

Sputnik Արմենիա