Մեկ օր անգամ չի անցնում առանց բռնաճնշումների. այսպես հակիրճ կարելի է բնութագրել ընտրություններից անցած մեկ ամսվա իրադարձությունները։ Խուզարկությունների, ստուգումների, ձերբակալությունների և կալանավորումների մասին հաղորդագրությունների լրահոսով է սկսվում գործնականում յուրաքանչյուր օրը: Ոչ լեգիտիմ իշխանությունը բացահայտ հասկացնում է, որ կանգ չի առնի ոչ մի բանի առջև, որպեսզի վերաձևի քաղաքական դաշտն իր համար ամենաշահավետ ու հարմարավետ ձևաչափով և հասարակության մեջ ստեղծի տոտալ վախի մթնոլորտ, որպեսզի ոչ ոք չհամարձակվի մտածել անգամ քննադատության ու առավելևս ուզուրպատորների դեմ գործողությունների մասին։
ՄԻՆՉԴԵՌ ԿԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ Նիկոլն անցնում է հանրային մասնահատվածի և լրատվամիջոցների վրա ճնշմանը։ Ըստ երևույթին, նրա ըմբռնմամբ, ինչ-որ շատ երկար «երես առան» ամեն տեսակի ընդդիմադիր լրագրողները, պարբերականներն ու ալիքները՝ վերջին տարիներին ստեղծելով և աջակցելով թուրք դրածոների ռեժիմին դիմադրության շատ ակտիվ ճակատ։ Իսկ քանի որ համաշխարհային «ժողովրդավարական հանրությունը» ջանադրաբար «չի նկատում», իսկ ըստ էության՝ ամեն կերպ աջակցում է Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քարտ-բլանշ տալով ուզուրպատորին, ապա եկել է նաև ընդդիմադիր մամուլի հետ հաշվեհարդար տեսնելու ժամանակը։
Այս մասին արդեն զգուշացնում են նաև փորձագետները։ Մասնավորապես, հուլիսի 9-ին քաղաքական մեկնաբան Ստեփան Դանիելյանը հայտարարեց, որ իշխանությունների տրամաբանությամբ՝ «Սահմանադրական դատարանում հարցի փակվելուց հետո կարելի է սկսել ընդդիմության հետապնդումը։ Նրանք վախենում են քաղաքական այն ուժերից, որոնք ունեն որոշակի ռեսուրսներ, վախենում են նաև զանգվածային լրատվամիջոցներից»։ Եվ հավելեց. «Հաջորդ փուլը լինելու է լրատվամիջոցների ստուգումը, թե ով, ինչպես և ինչ աղբյուրներից է ֆինանսավորում դրանք»:
Դանիելյանը դիպուկ գուշակեց։ Արդեն հաջորդ օրը կառավարության նիստում քննարկվեց «հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների և ԶԼՄ-ների ֆինանսավորման թափանցիկության» հարցը։ Ընդ որում Նիկոլն անձամբ երեսպաշտորեն հայտարարեց, թե իբր՝ «նախաձեռնության նպատակը քաղաքացիներին հնարավորություն տալն է՝ աջակցելու իրենց ընտրած հասարակական, լրատվական և քաղաքական կազմակերպություններին»։
Բացի այդ, հայտարարվեց «ԶԼՄ-ների հրապարակումներն ուսումնասիրելու համար» ինչ-որ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը «կարող է փաստաթղթեր և տեղեկատվություն պահանջել պետական մարմիններից, հետազոտություններ անցկացնել և մասնագետներ ներգրավել»: Դրա ղեկավար նշանակվեց Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը, որին հանձնարարվեց մինչև հուլիսի 30-ը «վարչապետին ներկայացնել ուսումնասիրության վերջնական արդյունքները»:
Կասկածից վեր է, որ պաթոսով լի արտահայտությունների հետևում թաքնված է մամուլի դեմ խաչակրաց արշավանք սկսելու մտադրությունը՝ ամենաարմատական միջոցների կիրառմամբ, ճիշտ ինչպես քաղաքական ուժերի դեմ։ Ընդհուպ մինչև իրենց համար անցանկալի լրատվամիջոցների փակում։
Եվ այդ գործընթացն արդեն սկսվել է։ Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունից անմիջապես հետո դադարեց գործել նրա հետ կապակցված 7or.am կայքը։ Այնուհետ հերթը հասավ «Արմատ մեդիա» լրատվական գործակալությանը, որի սեփականատերը «Ուժեղ Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ Ալիկ Ալեքսանյանն է: Հունիսի 5-ի առավոտյան խուզարկություններով և քննչական այլ գործողություններով խմբագրություն են ներխուժել Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի աշխատակիցները։ Բռնագրավել են մոնտաժային համակարգիչները, խլել աշխատակիցների բջջային հեռախոսները, ինչը լրագրողներին զրկել է ուղիղ եթերներ, ռեպորտաժներ և այլ նյութեր պատրաստելու հնարավորությունից։
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ։ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ՝ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ, ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՆ ԿԱՆՉՎԵԼ 9 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ։ Ընդ որում, ինչպես վկայել են իրենք՝ լրագրողները, հարցաքննությունը չափազանց դանդաղ է ընթացել։ Ու թեև նրանց կանչել են որպես վկա ցուցմունք տալու «Ուժեղ Հայաստանի» դեմ հարուցված գործերից մեկի վերաբերյալ, ակնհայտ է, որ առկա է ԶԼՄ-ների նկատմամբ հետևողական ճնշում, որը սպառնում է ամենաանցանկալի հետևանքներով:
Հուլիսի 9-ին հաղորդագրություն տարածվեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում խուզարկության մասին: ԶԼՄ-ների տվյալներով, խուզարկությունը կապված է նրա հետ, որ խմբագրի որդին ԱԺ պատգամավորության թեկնածու էր «Միասնության թևեր» ընդդիմադիր կուսակցությունից: Ըստ «Սյունյաց երկրի» մեկնաբանության՝ «Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր… Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում»։
Խուզարկության ընթացքում, բնականաբար, ոչ մի «քրեական» բան չի հայտնաբերվել։
Ակներև են հետապնդումներն ու ճնշումը ընդդիմադիր կուսակցությունների և նրանց ներկայացուցիչների հետ այս կամ այն կերպ կապված ԶԼՄ-ների դեմ։ Հաջորդ քայլը, ամենայն հավանականությամբ, կլինեն գործողությունները Փաշինյանի ստեղծած «աշխատանքային խմբի» իրականացրած «ուսումնասիրության» արդյունքներով։ Թե հատկապես որ ԶԼՄ-ները կհայտնվեն նրա «ցերբերների» ուշադրության կենտրոնում, դժվար չէ կռահել, ինչպեսև այն, թե ինչ քայլեր կարող են հաջորդել նրանց դեմ։
Հաշվի առնելով ոչ վաղ անցյալի փորձը՝ կարելի է վստահորեն պնդել, որ լրատվամիջոցների հետապնդումները հիմնվելու են կեղծ տվյալների և ապօրինի մեղադրանքների վրա: Ընդ որում ստուգումները կվերաբերեն միայն ու միայն այն պարբերականներին ու կայքերին, որոնք չեն թաքցնում իշխանությունների նկատմամբ խիստ քննադատական վերաբերմունքը, և ոչ մի կերպ չեն անդրադառնա մերձիշխանական լրատվամիջոցների, այդ թվում, իհարկե, «Հայկական ժամանակ» ընտանեկան թերթի վրա։ Եվ, բնականաբար, ոչ ոք չի ստուգի այդ ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրները, ինչպեսև, ասենք, իշխանությունների հետ կապված կամ նրանց աջակցող կուսակցություններն ու ՀԿ-ները։
Այս առնչությամբ արժե հիշել երկամյա վաղեմության հրապարակումները միջազգային մամուլում՝ կապված հենց «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման հետ։ Հետաքննությունը անցկացվել էր Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնի (OSSRP) լրագրողների կողմից և կոչվում էր «Նվիրատվությունների բնույթը Հայաստանի իշխող կուսակցության հաշվետվություններում հարցեր է առաջացնում միջոցների աղբյուրի վերաբերյալ»։
ՀՈԴՎԱԾՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԷԻՆ ՔՊ–ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՓԱՍՏԵՐ։ Սակայն ոչ մի արձագանք, առավելևս՝ հետևանք և պատիժ, բնականաբար, չհաջորդեց։ Այժմ ֆինանսական բնույթի բազմաթիվ խախտումների մեջ միջազգային լրագրողների կողմից մերկացված ռեժիմը ճամարտակում է կուսակցությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսավորման «թափանցիկության» մասին։
Ամեն դեպքում մի բան պարզ է. իշխանությունները սրընթաց, օր անգամ չկորցնելով, բառացիորեն գրոհում են բոլոր ճակատներով՝ չթաքցնելով իրենց գլխավոր նպատակը. տոտալ վերահսկողության հաստատում հասարակական-քաղաքական դաշտի նկատմամբ։ Գործարկվում են և կգործարկվեն անխտիր բոլոր միջոցները, Փաշինյանը կանգ չի առնի ոչ մի բանի առջև՝ գիտակցելով իր անլեգիտիմ իշխանության երերունությունը։ «Ժողովրդավարության բաստիոնի» մասին առանց այդ էլ անհուսալիորեն փտած հեքիաթները վաղուց արդեն ոչ մեկին չեն հետաքրքրում, քանզի հասկանալի է, որ երկիրը շարժվում է դեպի բացարձակ բռնապետություն։
Ահաբեկելու, վերահսկողություն հաստատելու, լրատվամիջոցներն ու մեդիառեսուրսները փակելու փորձեր, ընդհանուր առմամբ, ռեժիմի կողմից ձեռնարկվել են նաև նախկինում. օրինակները բազմաթիվ են ։ Բայց հենց լրատվական դաշտի միասնական դիմադրության շնորհիվ այդ փորձերը մնում էին եզակի և առանձնապես չէին ազդում մամուլի գործունեության վրա։ Այժմ իրավիճակը սկզբունքորեն այլ է. ռեժիմը վա-բանկ է գնում և պատրաստ է համակարգային բռնաճնշումներ կիրառել լրատվամիջոցների և լրագրողների դեմ։ Դա կլինի արդեն ոչ թե պարզապես հարձակում խոսքի ազատության վրա, այլ զանգվածային արշավ՝ ուղղված քննադատական խոսքի ցանկացած դրսևորման կանխմանն ու պատժելիությանը։
Այս գործընթացի հակառակ կողմը զսպանակի պրկումն է մինչ այն պահը, երբ կգործի բումերանգի օրենքը: Այն հարցը, թե՝ հատկապես երբ, առանցքային չափով կախված է ոչ թե առանձին վերցրած մամուլի, ՀԿ-ների կամ քաղաքական ուժերի դիմադրությունից, այլ բռնապետությանն ու Հայաստանի թուրքացմանը դիմադրության համազգային ճակատի ձևավորումից:
