«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով։ Ծառուկյանի հարցաքննությունից հետո Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշեց փաստաբանը։
Նա պարզաբանեց, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրեն Արման Դավթյանին այսօր ձերբակալել են։
Ինչ վերաբերում է շուրջ 12 ժամ տևած հարցաքննությանը, Խաչատրյանը նշեց, որ 2 առերեսում է տեղի ունեցել Իրանի քաղաքացի երկու եղբայրների հետ։ Նրա խոսքով` այսօր շարունակվել են նախորդ առերեսման ապօրինությունները, կրկին սահմանափակվել է Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը։
«Մենք միջանցքում նկատեցինք, որ եղբայրները ճամպրուկներով էին եկել, կարծում եմ՝ պետք է մեկնեին ՀՀ-ից։ Կարող եմ ենթադրել, որ դրանով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը ջանք չէր խնայում հապշտապ ավարտել այդ առերեսումները։ Բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով կրկին սահմանափակեցին մեր՝ հարցեր տալու իրավունքը»,- նշեց Խաչատրյանը։
Նա ընդգծեց` մեր երկրում այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական գործեր ու ճնշումներ եղել են, բայց սա աննախադեպ է։
Sputnik Արմենիա
