ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից միայն 93 ՆԳՆ ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։ Այդ մասին «Փաստինֆո»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ–ից։
ՆԳՆ–ից նշել են, որ 2025–2026 թթ. ընթացքում տեղի ունեցած 570 պատահարից 374–ը եղել է 2025 թվականին, իսկ 196–ը՝ 2026 թ․։ Պատահարների հետևանքով վնասվել է 570 միավոր մեքենա, թվով 4 միավոր տրանսպորտային միջոց ճանաչվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի։
«Պատահարների հետևանքով առաջացած վնասը վերացնելու նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից նորոգող կազմակերպություններին վճարվել է 259 750 546 դրամ, որից 2025 թվականին՝ 209 363 339 դրամ, իսկ 2026 թ.՝ 50 387 207 դրամ։ ՆԳՆ պարեկային ծառայության 2025-2026 թթ. կարիքների համար նոր մեքենաներ ձեռք չեն բերվել»,– նշել են ՆԳՆ–ից։
Պարեկային ծառայության ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված վթարներով 2026 թվականի հունիսի 25-ի դրությամբ իրականացված 59 ծառայողական քննությունների արդյունքներով 19 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 2025 թվականի ընթացքում իրականացվել է 133 ծառայողական քննություն՝ 74 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
ՆԳՆ–ից նշել են նաև, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ ծառայող աշխատանքից չի ազատվել։
Sputnik Արմենիա
