«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանն անդրադարձել է իրեն կալանավորելու մասին խոսակցություններին։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում են նրա բնակարանը։
Լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչը հայտարարել է, որ իրեն «ամեն ամիս կարող են ինչ-որ բանում մեղադրել», իսկ մեղադրանքի բուն էության մասին պատկերացում չունի։ «Նրանց խնդիրը քաղաքական ընդդիմադիրին սահմանափակելն է»,- կարծում է Կարապետյանը։ «Եթե որոշեն կալանավորել, սա կլինի աննախադեպ դեպք, երբ ցուցակի 1-ին համարին փորձում են մեկուսացնել քաղաքական նկատառումներով։ Բայց դրանով միայն հակառակ էֆեկտն են ստանալու»,- ընդգծել է Կարապետյանը։ Իր թիմակցի՝ Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգումը Կարապետյանը սպասելի է համարել։ «Ալիկի տրամադրությունը լավ է, հաղթական է տրամադրված»,- հայտնել է Կարապետյանը։
Պատգամավորը հավելել է նաև, որ անպայման մասնակցելու է խորհրդարանի անդրանիկ նիստին։ Թե կոնկրետ որ հանձնաժողովներում է ընդգրկվելու իրենց խմբակցությունը, նա նախընտրել է գաղտնի պահել՝ պատճառաբանելով, թե իշխանություններն անմիջապես կփորձեն հակառակն անել։ «Մենք լինելու ենք այն հանձնաժողովներում, որտեղ հնարավորություն կունենանք վերահսկելու նրանց գործունեությունը», – շեշտել է նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք իրենց մասնակցությամբ չեն լեգիտիմացնում Կաթողիկոսին չհրավերելու իշխանությունների որոշմանը, Կարապետյանը կտրուկ հերքել է այդ մոտեցումը։ Ավելին՝ նա հայտնել է, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ «Կաթողիկոսին ընտրում է ողջ հայությունը՝ հոգևոր առաջնորդների հետ միասին. նա նիստերին ներկա գտնվելու լեգիտիմ իրավունք ունի, և ոչ մի քաղաքական գործիչ չի կարող միջամտել եկեղեցու գործերին», – ընդգծել է քաղաքական գործիչը։ Իսկ հարցին, թե արդյոք կմասնակցեն ԱԺ նախագահի ընտրությանը, Նարեկ Կարապետյանը հեգնանքով հակադարձել է․ «Խոսքն այն մարդո՞ւ մասին է, ով Թուրքիայում է կրթություն ստացել ու փորձել թաքցնել դա»։ Ապա հավելել է․ «Եթե մեկ այլ թեկնածու առաջադրվի՝ կքննարկենք»։
News.am
