Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներից։
Որոշման համաձայն ` աշխատանքային խմբին կտրվի 3 ամիս ժամկետ, որ մշակեն և ՀՀ վարչապետին ներկայացնեն համապատասխան առաջարկություններ: Աշխատանքային խմբում ներառված կլինեն 11 պաշտոնյա`
1. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (աշխատանքային խմբի ղեկավար),
2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
3. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
4. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
5. ՀՀ ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը։
6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը։
7. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը։
8. ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը (համաձայնությամբ)
9. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը (համաձայնությամբ)
10. ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը,
11. ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։։
Հիշեցնենք, որ հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նարեկ Թորոսյանի մահը 2026 թվականի 7 ամիսների ընթացքում ՀՀ ԶՈւ–ում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան 8–րդ դեպքն է։
Այդքանով, սակայն, տխուր վիճակագրությունը չամփոփվեց։ Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահից հետո կադրային փոփոխություններ կլինեն ռազմական ոստիկանությունում, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։
Շատ չանցած հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Օգոստոսի 17-ին այդ պաշտոնում նշանակվեց գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Sputnik Արմենիա
