Խորվաթիայի Պուլա քաղաքում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Ժ.-ին, որին գերմանական դատախազությունը կասկածում է 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք — 1» և «Հյուսիսային հոսք — 2» գազատարների պայթեցմանը մասնակցելու մեջ, հաղորդում է Bild-ը։
Սա արդեն երկրորդ ձերբակալությունն է այս գործով։ Տղամարդուն ձերբակալել են եվրոպական օրդերով, որը տրվել է Գերմանիայի դատարանի կողմից։ «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցման գործով առաջին մեղադրյալին՝ Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ին, Գերմանիայում արդեն մեղադրանք է առաջադրվել։
Քննության վարկածով՝ Վլադիմիր Ժ.-ն եղել է այն ջրասուզակներից մեկը, որոնք Դանիայի Բորնհոլմ կղզու մոտ գազատարների վրա պայթուցիկ նյութեր են տեղադրել։
ARD և SWR հեռուստաալիքները ավելի վաղ հայտնել էին, որ դիվերսանտները ծով են դուրս եկել առագաստանավով և մոտ 80 մետր խորության վրա ամրացրել են լիցքերը։ Գերմանական դատախազությունը ձերբակալվածին, ի թիվս այլնի, մեղադրում է պայթյունի կազմակերպման, դիվերսիայի և ենթակառուցվածքի ոչնչացման մեջ։
Ինչպես պնդվում է, Վլադիմիր Ժ.-ն արդեն հայտնվել էր գերմանացի քննիչների ուշադրության կենտրոնում. անցյալ տարի նրան ձերբակալել էին Լեհաստանում, սակայն այն ժամանակ նրան չեն արտահանձնել Գերմանիային և ազատ են արձակել։ Խորվաթիայից արտահանձնվելուց հետո նրան պետք է տեղափոխեն Գերմանիայի Դաշնային դատարանի քննչական դատավորի մոտ։
News.am
