Իսրայելի կողմից Իդլիբի Աբու ալ-Դուհուր օդանավակայանին հասցված ավիահարվածը Թուրքիայի հետ ռազմական ուղիղ բախման վտանգ է ստեղծել։ Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Թոմաս Բարաքը։
Օգոստոսի 18-ին Թուրքիայի սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Աբու ալ-Դուհուր օդանավակայանին ավիահարված է հասցվել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ավելի ուշ հայտարարություն տարածեց, որով փաստացի հաստատեց Իսրայելի պատասխանատվությունը ավիահարվածի համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիան, իբր, ստատուս քվոն խախտելու եզրին էր՝ թույլ տալով թուրքական զորքին տեղակայվել այդ ավիաբազայում։
«Թուրքիայի զինվորականները չգիտեին, որ իսրայելական ինքնաթիռներն ուղղվում են հենց այս բազա, և չեն պատկերացրել, թե ինչ առաքելություն են դրանք կատարում։ Հետևաբար, նրանք, կարող էին որոշում կայացնել օդ բարձրացնել իրենց կործանիչները՝ վախենալով, որ սպառնալիքի տակ են… Սա սրընթաց էսկալացիայի և Իսրայելի ու Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի միջև անմիջական ռազմական բախման իրական ռիսկ էր ստեղծում», – հայտարարել է Բարաքը։
Դիվանագետը նշել է նաև, որ հարվածի հետևանքով ոչ ոք չի զոհվել, և իրավիճակը էսկալացիայի չի վերածվել։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական միջադեպերը կանխելու մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
