«Չորրորդ Հայաստանի Հանրապետության» ճարտարապետը Թուրքիան է, իսկ կառուցողը՝ Ադրբեջանը։ Դիզայնի հարցերով էլ զբաղվում են Եվրոպայի երկրները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 19-ին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Երբ դուք Հայաստանի Հանրապետությունից հանում եք «հայկական շահերը», դա արդեն «Հայաստանի Հանրապետություն» չէ», – ասել է Սաղաթելյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին։
Նրա խոսքով՝ այս ամենի աղբյուրը «իրական Հայաստանի» կամ «չորրորդ հանրապետության» մոդելն է։
«Իշխանությունները խոսում են նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, որի տերը կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և միաժամանակ ենթադրում են, թե դրա հիմնադիրը կլինի «Քաղաքացիական պայմանագիրը»։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ «չորրորդ հանրապետության» հիմնադիրը դուք չեք։ «Չորրորդ հանրապետության» ճարտարապետը Թուրքիան է, իսկ կառուցողը՝ Ադրբեջանը։ Ձեզ նույնիսկ դիզայներական աշխատանքներ չեն վստահել։ Դրանով հիմա զբաղվում են որոշ եվրոպական երկրներ։ Այս նախագծում դուք PR-ի մասնագետներ և sales-մենեջերներ եք, որոնք պետք է փաթեթավորեն այդ գաղափարը և վաճառեն մեր ժողովրդին», – նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Նրա կարծիքով՝ հենց այստեղից է բխում ներկայիս իշխանությունների վերաբերմունքը «հայկական հարցի», սփյուռքի, «Հայ դատի» և ազգային կազմակերպությունների նկատմամբ։ Ընդդիմադիրը իշխանություններին խորհուրդ է տվել չկատարել Թուրքիայի ցուցումները և երկրում չկրկնել թշնամական նարատիվները։
News.am
