Իսրայելի փորձագիտական և ռազմաքաղաքական շրջանակներում աճում է տարածաշրջանում Անկարայի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ մտահոգությունը։ Իսրայելի անվտանգության համակարգի գնահատականներով՝ Թուրքիայի ղեկավարությունը ձգտում է ամրապնդել հակաիսրայելական ուղղվածությամբ «ազդեցիկ սուննիական առանցքը»։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։
Ուժային կառույցների ներկայացուցիչները նշում են, որ թեև այս պահին Թուրքիան պաշտոնապես դիտարկվում է ավելի շուտ որպես աշխարհաքաղաքական մրցակից, այլ ոչ թե ուղղակի թշնամի, իրավիճակը կարող է արագորեն փոխվել։
Անվտանգության մարմիններում ընդգծել են, որ հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո Իսրայելը առաջնորդվում է սպառնալիքները վաղ փուլում ի հայտ բերելու և չեզոքացնելու սկզբունքով։ Այս մոտեցումը կիրառվում է նաև սիրիա-թուրքական գործընթացների կոնտեքստում․ Իսրայելի անվտանգության ծառայությունները շարունակում են ուշադիր հետևել զարգացումներին, որպեսզի թույլ չտան դրանց բնույթի փոփոխություն կամ այլ ճանապարհներով առաջխաղացման փորձեր։
Ուժայինների ներկայացուցիչները նաև նշել են, որ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան խորը ատելություն է տածում «Հեզբոլլահի» և իրանցիների հանդեպ։ Ըստ գնահատականների՝ հեռու չէ այն օրը, երբ նա նրանցից փոխհատուցում կպահանջի և կփորձի վրեժխնդիր լինել Սիրիական պատերազմում զոհված մարտիկների համար։
Ուստի, ըստ անվտանգության ծառայությունների, Իսրայելը աչալուրջ հետևում է նաև Լիբանանի ու Սիրիայի հարաբերություններին, որպեսզի թույլ չտա, որ որոշ տարածքներ դուրս գան վերահսկողությունից և ապագայում սպառնալիք դառնան իր համար։
Միևնույն ժամանակ, Իսրայելի ուժային դաշինքի ներկայացուցիչները ակնարկել են, որ Թուրքիան փորձում է մոտենալ Իսրայելի սահմանին ոչ միայն Սիրիայի տարածքով, այլև այլ ուղղություններով, այդ թվում՝ Գազայի հատվածով։
Իսրայելի անվտանգության ծառայությունները հետևում են այդ փորձերին և փորձում կանխել դրանք։ Այդ գործողությունների մի մասն իրականացվում է դիվանագիտական ուղիներով՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների միջնորդությամբ։
News.am
