Ընդդիմության հասցեին հնչող՝ պատերազմի ձգտելու մասին մեղադրանքներն անհիմն են, քանի որ հենց երկրի գործող ղեկավարությունն է իրավիճակը հասցրել մի քանի ռազմական բախումների։ Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը ընդդիմադիր ուժերին «պատերազմի եռագլուխ կուսակցություն» էր անվանել՝ Հայաստանի օկուպացված տարածքները վերադարձնելու նրանց պահանջների համար։
«Եթե նայենք փաստաթղթերին ու փաստերին, ակնհայտ է դառնում, թե այս իշխանությունները քանի պատերազմ են բերել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեք պատերազմների կուսակցություն է։ Ամեն անգամ, երբ մենք մտահոգություն ենք հայտնում մեր հողերի վերաբերյալ և հրաժարվում ենք կատարել ադրբեջանցիների ու թուրքերի պահանջները, մեզ անվանում են «պատերազմի կուսակցություն»։ Բայց մեր հարցը մնում է արդիական․ որտե՞ղ են այն հայկական հողերն ու տարածքները, որոնք պետք է վերադարձվեին սահմանազատման արդյունքում։ Իշխանությունները գյուղեր ու տարածքներ են հանձնել, սակայն ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում մեր հողերը»։- նշել է Նարեկ Կարապետյանը։
News.am
