Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու և Գարեգին Բ-ի հասցեին արված հայտարարությունները միայն հաստատում են, որ իշխանությունները ճնշում են գործադրում երկրի հոգևոր կենտրոնի վրա բացառապես Լեռնային Ղարաբաղի հարցի պատճառով։ Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը վերջապես բացահայտել է իր իրական շարժառիթները։ «Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից. խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիշատակումն էր։ Նա բացեց խաղաքարտերը և հաստատեց այն, ինչի մասին մենք ամիսներ շարունակ խոսում էինք։ Գարեգին Բ Կաթողիկոսի նկատմամբ հարձակումներն ու «նրան հանգստի ուղարկելու» կոչերը ընդամենը գործիք են՝ ճնշում գործադրելու մեր հոգևոր կենտրոնի վրա, քանի որ այնտեղ շարունակում են հնչել Լեռնային Ղարաբաղի մասին խոսքերը», – ընդգծել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստանի» խմբակցության ղեկավարի խոսքով՝ վարչապետի գործողությունների տրամաբանությունը կառուցված է «կամ-կամ» վերջնագրերի վրա, ինչը վկայում է ճկուն արտաքին քաղաքականության և բանակցություններ վարելու հմտությունների լիակատար բացակայության մասին։ «Գործող իշխանությունների տրամաբանության մեջ որևէ դիվանագիտություն չկա. նրանց մոտ կա միայն «կամ մեկը, կամ մյուսը», օրինակ՝ կամ պատերազմ, կամ զիջումներ։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում Փաշինյանն ընտրեց նույն ճանապարհը։ Սակայն դիվանագիտությունը միշտ էլ այլ լուծումների որոնումն է։ Մոտ ժամանակում մեր խմբակցությունը հանդես կգա մանրամասն հայտարարությամբ, որտեղ խորքային գնահատական կտա այս վտանգավոր բանակցային մոդելին», – ընդգծել է Նարեկ Կարապետյանը։
News.am
