Հայաստանը մտադիր է առաջիկայում սկսել ԵՄ–ին անդամագրվելու դիմում ներկայացնելու գործընթացը։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։
«Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի․ առաջիկայում թերևս կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ ️Մենք հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` կա նաև տնտեսական կոմպոնենտը։
«Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում, և սրա հնարավոր էֆեկտները տեսնելու ու հասկանալու ժամանակն էլ պետք է ունենա մեր ժողովուրդը»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` Հայաստանում ԵՄ–ին անդամակցելու հանրաքվե կանցկացվի պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։
«Ինչո՞ւ ենք որդեգրել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և ինչո՞ւ ենք խոսում ԵՄ–ին անդամագրվելու օրակարգի մասին, եթե շատ հարցերի պատասխան չունենք։ Մի պարզ պատճառով՝ այն իրավիճակը, երբ ՀՀ–ն գնալու տեղ չունի և այլընտրանքից զուրկ է, սպառնալիք է մեր պետականությանը»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
