Օգոստոսի 20-ին փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ դատարանն արդարացրել է ՀԱԵ Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանին: Որոշումը կայացվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը կատարված խուզարկություններից, անձամբ եպիսկոպոսի, հաշվապահի և Մուղնի գյուղի եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին Արսենյանի ձերբակալությունից և կալանավորումից 10 ամիս անց: 10 ամիս պահանջվեց քննությանը՝ պարզելու համար, որ կարգալույծ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի ցուցմունքները, որոնց հիման վրա ձերբակալվել ու կալանավորվել է Նաիրա Ալավերդյանը, բացարձակ սուտ են եղել:
ՆՈՒՅՆԻՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԼԻԱՌԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ, որոնք վաղուց դարձել են Նիկոլի դարաշրջանի հայկական իրականության անքակտելի մասը, այս գործի մանրամասները ցնցեցին հանրությանը։ Փաստաբանը պատմեց, որ կարգալույծ հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը, ինչպես նաև վերջինիս կինը քննության ընթացքում մեղադրել են Ալավերդյանին միլիոնավոր դրամներ հափշտակելու մեջ: Այսպես, Թախմազյանը պնդել է, թե 5 տարի շարունակ իրեն չեն վճարվել թեմից և Մայր Աթոռից հասանելիք վճարումները։
Սակայն բանկային ստուգումների արդյունքում պարզվել է, որ նախկին հոգևորականը կանոնավոր կերպով ստացել է բոլոր վճարումները։ Եվ միայն դրանից հետո որոշում կայացվեց դադարեցնել քրեական հետապնդումը Նաիրա Ալավերդյանի նկատմամբ։ «Այս հրեշավոր ստի պատճառով մեր վստահորդ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել, Նաիրա մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը»,- գրել է Մարինե Ֆարմանյանը:
Դե ինչ, արդարությունը հաղթեց, բայց ի՜նչ գնով: Ո՞վ կվերադարձնի կնոջը կալանքի տակ անցկացրած ժամանակը, ո՞վ կվերադարձնի նրա առողջությունը, նյարդերը, կխլացնի մոր կորստյան ցավը։ Ինչո՞ւ քննությանը 10 ամիս պահանջվեց, որպեսզի ընդամենը ստուգի բանկային հաշիվներն ու հասկանա, որ ոչ մի խախտում չի եղել, և երեք «վկաների» ցուցմունքները ծայրեծայր սուտ են։ Եվ ամենակարևորը. ինչո՞ւ նրանք, ովքեր միտումնավոր ու լկտիաբար ստել են, պատասխանատվության չեն ենթարկվում կանխահայտ սուտ ցուցմունքների համար, որոնք վարկաբեկել են մարդուն և մեծ կորուստներ ու ապրումներ պատճառել նրան։
Պատասխանը պարզ է. որովհետև նախկին քահանաները ստել են ռեժիմի ցուցումով, որին հույժ անհրաժեշտ է արատավորել Հայ Եկեղեցին և որի հրամանով քննիչներն անվերջ գործեր են սարքում հոգևորականների և թեմերի դեմ: Իսկ արդարացման դատավճիռը կայացվեց ճարահատյալ, լոկ այն պատճառով, որ չափազանց ակնհայտ է մեղադրանքի հիմնազրկությունը և Նաիրա Ալավերդյանի մեղավորության որևէ ապացույցի բացակայությունը:
Այս տարեսկզբից արդարացման համանման մի շարք դատավճիռներ են կայացվել բացահայտ քաղաքական բնույթ կրող գործերով։ Ահա դրանցից ընդամենը մի քանիսը:
ՀՈՒԼԻՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի և Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ: Երկուսն էլ ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են և մեղադրյալի կարգավիճակում էին հայտնվել մեկ այլ կարգալույծի՝ Արման (Գևորգ) Սարոյանի գործով։
Հուլիսին վերջնականապես արդարացվեց նաև Արցախի Ասկերան քաղաքի քաղաքապետ Հայկ Շամիրյանը, որին մեղադրում էին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեջ։ Իրականում, ինչպես նշում էին փաստաբանները, նրա դեմ գործը հարուցվել էր «Սրբազան պայքար» շարժման հանրահավաքներին մասնակցելուց հետո։
Մայիսին արդարացվել են 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասնակից Կարեն և Կարուշ Հովեյան եղբայրները, որոնք բանտում անցկացրեցին 2 ամիս:
Հունվարին դատարանն արդարացրեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և քաղաքի ավագանու հինգ անդամներին: Ստեփանյանը ձերբակալվել էր, մի քանի ամիս անցկացրել բանտում, իսկ հետո՝ վարչական հսկողության տակ։
Հիշենք երկու անչափահաս եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյանների աղմկահարույց, բայց արդեն իսպառ մոռացված գործը, որոնց ձերբակալեցին մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա տաճարում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ընդամենը Փաշինյանի թիկնազորի հետ լեզվակռվի մեջ մտնելու համար։ Մի քանի օր անց Դավիթը կալանավորվեց և բանտարկվեց, չնայած առողջական ակնհայտ խնդիրներին։
Կալանավորումից հետո նրա վիճակը վատացավ, նա կորցրեց գիտակցությունը, ախտորոշվեց գանգուղեղի փակ վնասվածք և ուղեղի ցնցում։ Եվ միայն հասարակական բուռն բողոքն ու սոցցանցերում վրդովմունքի ալիքը ստիպեցին իշխանություններին ազատ արձակել Դավթին։ Եվ վերջ, գործն այլևս ջրի երես չելավ: Բայց թե ինչ վնաս էր հասցվել երիտասարդի և նրա հարազատների ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, լոկ կռահել կարելի է։
Բոլոր այս դեպքերում զրպարտյալներից ոչ մեկը որևէ փոխհատուցում չի ստացել: Նրանցից նույնիսկ ներողություն չեն խնդրել, առնվազն՝ հրապարակավ։ Ըստ երևույթին, համարվում է, թե նրանք պետք է երջանիկ լինեն արդեն իսկ այն բանով, որ իրենց արդարացրել են, քանզի փաշինյանական Հայաստանում հեշտ ու հանգիստ կարող էին բոլորին պահել անազատության մեջ ՝ առանց որևէ բացատրության ու պատճառի։ Միայն այն պատճառով, որ նրանք հանդգնել են ունենալ սեփական քաղաքացիական դիրքորոշում և արտահայտել իրենց անհամաձայնությունը ռեժիմի քաղաքականությանը։ Կամ պարզապես ազնվորեն աշխատել են Հայ Եկեղեցու թեմերում։
ԱՅՍ ՇԱՐՔՈՒՄ ՓՈՔՐ–ԻՆՉ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾԸ, որը մեկ ամիս ու 10 օր զրկված էր անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից: Հուլիսի 9-ին ձերբակալված Մանուկյանին միայն օգոստոսի 19-ին՝ զայրույթի բարձրացած ալիքից և բողոքներից հետո էր թույլատրվել հանդիպել դստեր հետ, այն էլ միայն նրա ծննդյան օրվա առիթով և ընդամենը մեկ անգամ:
Ընդ որում ոչ ոք պարզաբանում չի տալիս, թե պետության համար ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել կնոջ տեսակցությունները 13-ամյա դստեր և մոր հետ: Քանզի դրա խելամիտ բացատրություն չկա և չի կարող լինել. Պատճառը միայն քինոտ ու չարամիտ բռնապետիկի ցուցումն է, որի համար քիչ է մարդուն ճաղերի հետևում փակելը, պետք է նաև առավելագույն հոգեկան տառապանքներ պատճառել նրան: Ու նաև այն, որպեսզի խլացվեն Մանուկյանի բուն ձերբակալության հետ կապված հարցերը և հանրությունը ստիպված լինի նրա համար պահանջել ընդամենը հարազատներին տեսնելու հնարավորություն… Ու հետո ուրախանա, որ տեսակցել վերջապես ողորմածորեն թույլատրել են:
Ճիշտ ինչպես որ սպիտակ թելերով կարված քրեական գործերով ու մեղադրանքներով արդարացման դատավճիռն արդեն այնքան մեծ բարիք է թվում, որ մարդիկ չեն էլ մտածում կրած բարոյական ու նյութական վնասի հատուցման պահանջով հայցի մասին: Փաշինյանական իրողությունների ծուռ հայելին վաղուց անցել է աբսուրդի բոլոր թույլատրելի սահմանները, որում ինքնին հասկանալի, տրամաբանական և օրինական լուծումը դառնում է բացառություն և դիտվում որպես այլանդակված, խեղաթյուրված ու վաղուց ինքն իրեն հակադիր ինչ-որ բանի վերածված «արդարադատության» համակարգի պատահական խափանում։
