USD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°C

Логотип

Ծառուկյանին արգելել են օտարել և գրավադրել Առինջի վիճելի հողամասերը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն արգելել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին, օտարել կամ գրավադրել Կոտայքի մարզի դատախազության հայցով վիճարկվող՝ Առինջում գտնվող անշարժ գույքը։ Այս մասին նշված է Դատական տեղեկատվական համակարգում (Datalex) հրապարակված դատարանի որոշման մեջ։

Դատախազությունն օգոստոսի 7-ին Ծառուկյանի և նրա հետ կապված գույքի վերաբերյալ երկու հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Դրանցով վիճարկվում են Առինջում ընդհանուր 17,676 հա հողամասերի հետ կապված գործարքներ։ Երկու հայցերն էլ օգոստոսի 19-ին վարույթ է ընդունել դատավոր Լիլի Դրմեյանը։

Առաջին հայցը վերաբերում է 14,176 հա հողատարածքի հետ կապված գործարքներին։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2003 թվականի հունվարի 26-ի աճուրդը, որով օտարվել է այդ հողամասը, ինչպես նաև դրան հաջորդած մի շարք առուվաճառքի պայմանագրեր։

Մասնավորապես, վիճարկվում է 2003 թվականի փետրվարի 15-ին Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված՝ 12,566 հա անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել նաև Արամիկ Սեդրակյանի և Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքված՝ 1,61 հա անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։

Այս գործով պատասխանողներն են Աբովյան համայնքը, Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները, ինչպես նաև Սեդրակյանները։

Դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին արգելվել է օտարել, գրավադրել կամ այլ կերպ փոխել 12,566 հա գույքի փաստացի կամ իրավական վիճակը։ Գագիկ Ծառուկյանին նույնպիսի արգելք է սահմանվել նաև վիճելի 1,61 հա հողամասի նկատմամբ։

Դատարանը պատճառաբանել է, որ հայցի մասին տեղեկանալուց հետո պատասխանողները կարող են օտարել կամ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնել գույքը, ինչը հայցի բավարարման դեպքում կարող է դժվարացնել կամ անհնար դարձնել դատական ակտի կատարումը։

Երկրորդ հայցը վերաբերում է Առինջում գտնվող 3,5 հա գյուղատնտեսական նշանակության հողամասին։ Այս գործով պատասխանողներն են Աբովյան համայնքը, Գագիկ Ծառուկյանը և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ն։

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2015 թվականի հոկտեմբերի 4-ի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ։ Վիճարկվում է նաև Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագիրը, որով անշարժ գույքը որպես ոչ դրամային ավանդ ներդրվել է ընկերության կանոնադրական կապիտալում։

Այս գործով ևս դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելելով օտարել կամ գրավադրել 3,5 հա հողամասը։ Որոշումը ենթակա է անհապաղ կատարման և բողոքարկման ենթակա չէ։

Այսպիսով, դատախազության երկու հայցերով վիճարկվում են Առինջում ընդհանուր 17,676 հա հողատարածքի հետ կապված գործարքներ, իսկ դատարանն արդեն սահմանափակումներ է կիրառել վիճելի գույքի տնօրինման նկատմամբ։

Ծառուկյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Քաղաքական գործիչը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։

ԶԼՄ-ները հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։

Armenia Today