Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է «Watermelon Ecosystem»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսիին։ Ալշամսին ներկայացրել է ԱՄԷ-ում հիմնադրված «Watermelon Ecosystem» հարթակի գործունեությունը, որը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական արտադրողների՝ ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները։
Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացված ներդրումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական կարողությունները՝ կարևորելով հատկապես փոքր և միջին արտադրողների համար միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։
Հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպման համար։
«Նախատեսվում է արդեն հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանը ԱՄԷ է արտահանել ավելի քան 700 հազար դոլար, իսկ 2025 թվականին՝ շուրջ 1,1 մլն դոլար արժեքով թարմ միրգ և բանջարեղեն: Ռուսաստան արտահանման ծավալը նույն տարիներին կազմել է 171,8 դոլար և 190,1 մլն դոլար:
Sputnik Արմենիա
