ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ խնդրահարույց, իսկ վիրահատությունից հետո առաջին մեկ ամիսը համարվում է բարձր ռիսկային։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբանաը նաև տեղեկացրեց, որ երկրորդ նախագահին հիվանդանոցից դուրս են գրել և տեղափոխել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
«Ես բժիշկ չեմ, բայց որքանով քննարկել եմ մասնագետների հետ և ուսումնասիրել մասնագիտական գրականությունը, իրավիճակը խնդրահարույց է։ Շուրջ երկու շաբաթ առաջ ստենտավորված պացիենտին, ելնելով նաև այն ախտանիշներից, որոնք ուներ պարոն Քոչարյանը, խորհուրդ է տրվում առնվազն ևս 2 շաբաթ գտնվել վերահսկողության տակ։ Պարտադիր չէ հենց հիվանդանոցում․ այլ պայմաններում գուցե հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չլիներ, բայց սրացումն անցնելուց հետո դուրս գրելը հնարավոր է միայն այն պայմանով, որ սրացումների դեպքում հնարավոր լինի շատ արագ վերադառնալ բուժհաստատություն»,– մանրամասնեց Օրբելյանը։
Փաստաբանը հայտնեց, որ Քոչարյանի՝ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո պաշտպանական թիմը պատրաստվում է նաև բժիշկների հետ քննարկել նրա բժշկական փաստաթղթերը և գնահատել հետագա քայլերը, քանի որ վիրահատությունից հետո առաջին մեկ ամիսը համարվում է բարձր ռիսկային, ինչը Քոչարյանի մոտ դեռևս չի անցել։
Անդրադառնալով քրեական գործին՝ փաստաբանը նշեց, որ նախորդ գիշեր տեղի ունեցած դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ պնդելով, որ հիմնավոր կասկած առկա չէ, իսկ առաջադրված մեղադրանքն ունի բազմաթիվ իրավական և փաստական խնդիրներ։ Օրբելյանը նկատեց, որ չնայած հակափաստարկներին՝ դատարանը Քոչարյանի նկատմամբ կալանք է կիրառել, որը դատարանի որոշման ամբողջական տեքստը ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել։
«Մեղադրանքում Քոչարյանին վերագրվող կոնկրետ գործողությունները պատշաճ նկարագրված չեն։ Նախկին նախագահի վերաբերյալ նկարագրված գործողություններից մեկը վերաբերում է ավելի քան 15 տարի առաջ կառավարության որոշումների վավերացմանը։ Մեղադրանքի տրամաբանությունն այն է, կարծես կառավարությունը նախագահի ենթական է, քաղաքապետը՝ նախագահի ենթական, կամ նախագահը քաղաքապետի վերադասն է։ Որևէ գործողություն նկարագրված չէ։ Նախագահի նկարագրված գործողությունները վերաբերում են կառավարության որոշումները վավերացնելուն, ինչը մինչև 2005 թվականը Սահմանադրության պահանջն էր»,– ասաց Օրբելյանը։
Օրբելյանը պնդեց, որ քրեական վարույթում մանրամասն նկարագրված են նաև այլ անձանց, այդ թվում՝ Քոչարյանին մտերիմ անձանց գործողություններ, որոնք, սակայն, պաշտպանական կողմի գնահատմամբ, չեն կարող ինքնին հիմք հանդիսանալ նախկին նախագահի պատասխանատվության համար։
«Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ իրավաչափ են, իսկ քաղաքական գործընթացների համատեքստում՝ առավել խնդրահարույց։ Ազգային ժողովի քննարկումները, դրանց նախորդած հայտարարությունները, ունեզրկման մասին պնդումներն ու այս ամբողջ ֆոնը, երբ համադրում ենք այլ անձանց նկատմամբ տեղի ունեցող գործընթացների հետ, ակնհայտ է դառնում իրավիճակի անօրինականությունը։ Մենք մեր անելիքներն ունենք, և գործողությունների արդյունքները որոշ ժամանակ անց պարզ կլինեն»,– ասաց փաստաբանը։
Օրբելյանի խոսքով՝ պաշտպանական կողմն առաջիկայում կհստակեցնի աշխատանքների ծավալն ու հիմնական ուղղությունները՝ ներառյալ միջազգային ատյաններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները։
«Կդիտարկենք այն բոլոր հարթակները, որոնցով պաշտպանական մարտավարությունը կլինի ամբողջական՝ ինչպես իրավական, այնպես էլ իրավաքաղաքական և միջազգային մակարդակներում»,– ընդգծեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք որ Քոչարյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել երեկ գիշեր, դատարանի դահլիճից։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվել է առանց նրա։ Ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց Քոչարյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։
Նշենք, որ ՀՀ 2–րդ նախագահի սիրտը շուրջ 2 շաբաթ առաջ ստենտավորվել է։
Sputnik Արմենիա
