Հայաստանի ղեկավարությունը հավանաբար շանտաժի է ենթարկվում Արևմուտքի կողմից, որը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» երկրի տրանսպորտային ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով` Երևանի պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությունը միջազգային լոգիստիկ նախագծերին, չեն համապատասխանում իրականությանը:
«Պարզապես ամոթ է այդ ամենը լսելը։ Ես չգիտեմ, թե որքան չեն ամաչում նրանք այս ամենն ասելիս։ Այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով։ Ընդ որում` հայկական կողմը դժվարանում է ինչ-որ հակափաստարկ ներկայացնել, քանի որ այն չկա», – հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ենթադրում է, որ Երևանի վրա ճնշում են գործադրում արևմտյան մայրաքաղաքները՝ պահանջելով Ռուսաստանին դուրս մղել տրանսպորտային ոլորտից: Փոխարենը, ըստ նրա, Հայաստանին խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և մասնակցություն նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում:
Այն, ինչ կատարվում է, Զախարովան դա համարում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականության մաս և զգուշացնում, որ վերջնարդյունքում դրանից կարող է տուժել հենց Հայաստանը:
«Բայց եթե հայկական ղեկավարությունը նման տրամաբանություն ընդունում է, ապա թող նախ նրանց ինչ-որ բան տան, կառուցեն կամ անեն, նոր միայն ասեն, որ ինչ-որ բանից հրաժարվեն», – ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ իրական գործընկերները նախքան հրապարակային հայտարարություններ անելը վիճահարույց հարցերը քննարկում են բանակցությունների սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով բարեկամական ճանապարհով լուծումներ փնտրելու ձգտման մասին Երևանի հայտարարությունները։
Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։
Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Պաշտոնական Երևանը նաև հայտարարել է, որ դեմ չէ ռուսական կողմի համաձայնությամբ երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն:
ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ:
Sputnik Արմենիա
