ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե նախորդ ճեպազրույցում ընդամենը Տիգրանաշենն անվանել է ադրբեջանական անունով՝ «Քյարքի», սակայն դա չի նշանակում, թե ինքը խոսել է դրա վերադարձի մասին։
«Ընդամենն արձանագրել եմ, որ նման տարածք կա։ Ասել եմ, որ 29743 քառակուսի կիլոմետրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Էս թվաբանության մեջ չեն Ադրբեջանի 3 անկլավային տարածքները, մեր էքսկլավային Արծվաշենը մտնում է։ Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է՝ մենք ասում ենք, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 2743 կմ չէ, այլ, օրինակ, 29755 քառակուսի կմ է։ Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը։
Պնդում է, թե այս ամենն անում է վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար, սակայն անգամ Ադրբեջանի հետ այս պահին նման թեմայով քննարկում չկա։
Նրա խոսքով՝ եթե ինքն այսօր Տիգրանաշենը չկոչի «Քյարքի», նշանակում է, թե հրաժարվում ենք Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից։
«Առաջ է գալիս սկզբունք՝ ով ինչ գրավել է՝ դե իրանն ա, գրավել են, գրավել են։ Երկրորդ` դա կոնֆլիկտային սկզբունք է։ Իսկ հիմա ներվը հանած է։ Անկլավների-էքսկլավների թեման էն վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, հիմա խաղաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ էլ չկա»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների թեման քննարկվում է, սակայն որևէ պայմանավորվածություն, ռազմավարություն, հարցի լուծման վերաբերյալ հայեցակարգ այս պահի դրությամբ չկա։
Sputnik Արմենիա
