80 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը: Այս մասին հայտնում են ինստիտուտից։
«Նա մեծ ներդրում է ունեցել արվեստի կրթության, հայ թատերարվեստի զարգացման գործում։ Հրաչյա Գասպարյանն իր երկարամյա մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի հետք է թողել բազում սերունդների կյանքում՝ իր գիտելիքով, մասնագիտական բարձր վարպետությամբ և մարդկային ջերմությամբ։ Նա իր ողջ կյանքը նվիրեց արվեստին։ Նրա անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգությունն ու իր սաներին փոխանցած արժեքները դեռ երկար տարիներ կշարունակեն ապրել՝ ապրեցնելով նաև մեծ վարպետին»,- նշված է ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հրաչյա Գասպարյանը ծնվել է Ալավերդիում։ Իր ռեժիսորական կարիերան սկսել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում, ապա աշխատանքի անցել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում։ Եղել է Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսորը։
1976 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2006-2011 թվականներին եղել է բուհի ռեկտորը։ Պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, հեռուստաթատրոնում և այլն։
2003 թվականին լույս է տեսել ռեժիսորի ստեղծագործական կյանքին նվիրված «Թատերական կոլաժ» ժողովածուն։
Sputnik Արմենիա
