ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում է։
Դատարանում քննվելու է երկրորդ նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննությունը։ Նրան քիչ առաջ են տեղափոխել բժշկական կենտրոնից։
Առայժմ հայտնի չէ, թե որ դատավորն է քննելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է նախօրեին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է բժշկական հաստատություն։ ակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը երկարաշունչ հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է.
«Դատախազը 2026–ի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի (Ռոբերտ Քոչարյան–խմբ) նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն (Սեդրակ Քոչարյանը), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն (Սերժ Սարգսյանը), ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն (Անդրանիկ Մարգարյանը), Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն (Գագիկ Բեգլարյանը), «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն (Սամվել Մայրապետյանը), ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն. (Արամայիս Որսկանյանը), Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:
News.am
