Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների կողմից ընդդիմադիր ուժերի նկատմամբ իրականացող ռեպրեսիաները քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը դիտարկում է Հայաստանի ստրատեգիական կուրսի փոփոխությամբ, երբ ակնհայտորերն մեր երկիրը դուրս է բերվում ռուսական ուղեծրից, վերանայվում են հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Այդ մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա` մասնավորապես, այն, ինչ տեղի է ունենում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ոչ միայն քաղաքական հետապնդում է, այլ դեռ 1.5 տարի առաջ սկսված արատավոր գործընթացի շարունակություն։
«Տոտալ ռեպրեսիաները սկսվել են 1.5 տարի առաջ, երբ սկսվեց հակաեկեղեցական կոմպանիան ու շարունակվեց նախընտրական և հետընտրական գործընթացներով։ Ընդդիամդիր երեք առանցքային ուժերի ղեկավարներ կալանքի տակ են։ Սա քաղաքական մոտիվացիա ունեցող հետապնդում է։ Տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է, քանի որ ակնհայտորեն թիրախավորվում են իշխանությանն անհամաձայնություն հայտնող կամ իշխանության հայտ ներկայացնող քաղաքական գործիչները` ունեզրկման, կուլակաթափության վառ արտահայտված բաղադրիչներով»,– ընդգծեց նա։
Վերլուծաբանի համար ծիծաղելի են իշխանությունների այն պնդումները, թե այդ ամենն արվում է ժողովրդի բարեկեցությունն ապահովելու, թալանը վերադարձնելու համար։
«Ընդամենը մեկ ամսվա ընթացքում, երբ «Արարացեմենտը» պետականացվեց, ցեմենտի 1 տոննան 40 հազարից դարձավ 47 հազար դրամ։ Հիմա ո՞վ է ում թալանում։ Ընդամենը Փաշինյանն ունի արտաքին պարտավորություններ, որոնք առաջիկայում պետք է կատարի։ Նրա միջազգային դոնորները` ԱՄՆ, ԵՄ, Իսրայել, մեծ Բրիտանիա, շատ ավելի ազդեցիկ ուժեր են, քան Ադրբեջանը կամ Թուրքիան։ Արևմտյան այս ուժերի թելադրանքով հակառուսական այն ստրիպտիզը, որին ականատեսն ենք, ոչ պակաս վտանգավոր է։ Հիմա այս ռեպրեսիաներով Փաշինյանը քաղաքական բարենպաստ միջավայր է ստեղծում իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար, այլ խոսքով` դիմադրության կենտրոնները նա փոշիացնում է»,– նշեց Սուրենյանցը։
Ըստ նրա` այն, ինչ հիմա կատարվում է, Հայաստանի ստարտեգիական կուրսի փոփոխություն է։
«Այս ամենն անխուսափելիորեն փոխելու է նաև երկրի ներքին կառուցվածքը. այս իշխանության շուրջ ձևավորվում է բիզնես նոր միջավայր, նոր խաղացողներ կհայտնվեն։ Այսինքն` ազգային կապիտալը դուրս է մղվում և հայտնվում են աշխարհաքաղաքական այլ հետաքրքրություններ ունեցող խաղացողներ»,– կարծում է քաղաքագետը։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրում ՌԴ-ի հետ «ռազմավարական դաշինք» ձևակերպումը փոխարինվել է «գործընկերային հարաբերություններով»։
