ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից պնդում են` «Նուբարաշեն» ՔԿՀ–ի խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի 66-րդ խցում, որտեղ 8 կալանավոր է պահվում, աշխատակիցները խուզարկություն են արել։ Կալանավորներից մեկի հարազատը պատմել է, որ դրանից հետո իրավիճակը լարվել է և ՔԿՀ–ի ծառայողների ու կալանավորների միջև քաշքշուկ է սկսվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Կալանավորների նկատմամբ ուժ է կիրառվել, դեպքից հետո էլ միջամտել է ՔԿՀ–ի պետը, որի հրահանգով խցի դուռը բացվել է ու 2 կալանավորների դրսում դաժան ծեծի են ենթարկել։ Նրանցից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, բայց «Նուրաբաշենի» հատուկ պատժախցում են։
«Օգոստոսի 25-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի ծառայողները, խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս, դատապարտյալներից մեկի մոտ նկատել են կասկածելի փաթեթ: Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Դատապարտյալներից մեկը հարվածել է ծառայողներից մեկի դեմքին և կասկածելի փաթեթը գցել սանհանգույցի կոյուղատարի մեջ»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿԾ–ից պնդում են` դատապարտյալներն անհնազանդություն են ցուցաբերել, դիմադրել են և ծառայողի նկատմամբ բռնություն գործադրել, ինչի պատճառով օրենքով սահմանված կարգով նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ։
Վստահեցնում են` որևէ դատապարտյալի ծեծի չեն ենթարկել, միայն նրանցից մեկը ոտքի շրջանում ցավեր է ունեցել, հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ արձանագրվել է սալջարդ, նույն օրը վերջինս վերադարձվել է ՔԿՀ։
Քրեակատարողական ծառայութունից պնդում են` խցում գտնվող այլ ազատազրկված անձանց մոտ որևէ տեսակի մարմնական վնասվածք առկա չի եղել։
Նշվում է նաև, որ իրականացված խուզարկության արդյունքում խցի տարբեր հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող մոտ 32 մլգ հեղուկ զանգվածներով սրվակներ, 5 բջջային հեռախոս, 9 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, ինչպես նաև դեղահաբեր, այդ թվում՝ անհայտ ծագման։
Դեպքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հիշեցնենք` կայքը նաև գրել էր, որ միջադեպից հետո կալանավորներին պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորություն չի տրվել, իրենք դիմել են իրավապահ մարմիններին՝ դեպքի հանգամանքները պարզելու և ՔԿՀ-ի աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով։
Կալանավորի հարազատը պատմել է, որ ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի անունը Աշոտ է, մյուսինը՝ Վահե։
Sputnik Արմենիա
