Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների վերսկսումը վնաս կհասցնի ամբողջ աշխարհին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։
«Պատերազմը պարտադրվել էր Իրանին, դրա շարունակությունը վնաս կհասցնի երկրին, տարածաշրջանին և աշխարհին։ Ողջախոհությունը հուշում է, որ անհրաժեշտ է վերսկսել հուշագրի իրականացման գործընթացը և խնդիրները լուծել երկխոսության միջոցով, ոչ թե պատերազմի` ճիրաններ ու ատամներ ցուցադրելով», – ասել է Իրանի նախագահը։
Նա ընդգծել է` Թեհրանը չի ձգտում ընդլայնել հակամարտության ու պատերազմի մասշտաբները, և վստահություն է հայտնել, որ Կատարն ու Իրանը շարունակում են բարեկամներ մնալ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել, բայց կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։
Sputnik Արմենիա
