Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն ասոցիացիա են ստեղծել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է 2020 թվականին անհետ կորած Հենրիկ Մուրադյանի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը։
Նա նշել է, որ ասոցիացիային միացել են ինչպես 90-ականների, այնպես էլ 2020-2023 թվականների մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները։ Կազմակերպությունը ոչ միայն փորձելու է պարզել նրանց ճակատագիրը, այլև զբաղվելու է անհետ կորածների ընտանիքների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրների լուծմամբ։
«Որքան էլ ցավալի ու վիրավորական է, 2020 թվականի պատերազմից հետո մենք հասարակության կողմից անտարբերություն տեսանք մեր երեխաների ճակատագրերի նկատմամբ։ Դա էլ հանգեցրեց մեր կազմակերպությունը ստեղծելու մտքին»,-ասել է Մուրադյանը։
44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը՝ ասոցիացիայի համահիմնադիր Ասյա Դանիելյանն իր հերթին ընդգծել է, որ նախկինում անհետ կորածների ընտանիքները գործում էին առանձին-առանձին, իսկ հիմա որոշել են միավորել ջանքերը՝ պարզելու, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ։ Դա կօգնի նրանց աշխատանքն ավելի արդյունավետ և կառուցողական դարձնել։
«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետական և ոչ պետական կառույցների, իրավական կազմակերպությունների հետ՝ միևնույն ժամանակ պահպանելով չեզոքություն։ Մենք ուզում ենք, որ մարդիկ հասկանան՝ անհետ կորածները վիճակագրական թիվ չեն, դրանք խեղված ճակատագրեր են, տարիների սպասում ու ցավ»,-նշել է Դանիելյանը։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ ևս 22 մարդ։
Sputnik Արմենիա
