Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոք է հայտնել Լեհաստանին՝ երկրում ստեղծված իրավիճակին նվիրված TVP World հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման պատճառով։ Դրա հետ կապված՝ նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին և նրան համապատասխան դիվանագիտական նոտա է հանձնվել։
Առիթը Eastern Express հաղորդումն էր, որը անգլալեզու լեհական հեռուստաալիքը ցուցադրել էր օգոստոսի 26-ին։ Հաղորդումը նվիրված էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին։ X սոցցանցում TVP World-ի հրապարակման համաձայն՝ հաղորդումը անդրադարձել է լրագրողների ձերբակալությանը և ընդդիմության ներկայացուցիչների վրա ենթադրյալ ճնշմանը։
Հաղորդման բովանդակությունը սուր արձագանք է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Ադրբեջանի ԱԳՆ–ն եթերում հնչած գնահատականները համարել է «կանխակալ և օբյեկտիվության սկզբունքներին չհամապատասխանող»։
Նախարարությունը նաև հայտարարել է, որ հայտարարություններն ուղղված են եղել Ադրբեջանի և երկրի ղեկավարության դեմ։ Դիվանագիտական գերատեսչություն առանձին դժգոհության է հայտնել հաղորդման հաղորդավարի վարքագծի վերաբերյալ՝ այն անվանելով սադրիչ։
Բաքուն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ TVP-ն պետական ֆինանսավորում է ստանում։ ԱԳՆ–ն հեռուստաալիքում Ադրբեջանի վերաբերյալ քննադատական նյութերի հայտնվելը Լեհաստանի կողմից անբարյացակամ գործողություն է որակել։ Նախարարության գնահատմամբ՝ «նման հրապարակումները չեն համապատասխանում երկրների միջև գործընկերային հարաբերությունների բնույթին և կարող են բացասաբար անդրադառնալ երկկողմ կապերի վրա»։
Ադրբեջանական կողմը պահանջել է, որ Վարշավան անհապաղ միջոցներ ձեռնարկի երկրի դեմ նմանատիպ տեղեկատվական արշավների կրկնությունը կանխելու համար։
Sputnik Արմենիա
