USD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 21°C

Логотип

«ԼՈՒՍԱՎՈՐ» ԱՊԱԳԱՅԻ ՔԻՄԵՌՆԵՐԸ…

«ԵՄ-ն Հայաստան է ուղարկել դիտորդների առաքելություն է, որոնք ապահովել են մեր սահմանների անձեռնմխելիությունը», «ԵՄ-ն օգնեց Հայաստանին հաղթանակ տանել Ռուսաստանի պարտադրած հիբրիդային պատերազմում», «ԵՄ-ն Հայաստանի առջև բացել է իր շուկաները՝ ի պատասխան ԵԱՏՄ շուկաների փակման»։ Այսպիսին են Հայաստանի «լուսավոր» ապագայի վերաբերյալ Փաշինյանի և ՔՊ-ի քաղաքական տեսլականի հիմնարար թեզերը։ Այդ թեզերն ավելի շատ հիշեցնում են օդային ամրոցներ, քան երկրի զարգացման ամուր հիմք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Ամեն թեզի տակ իր քիմեռն է, պարզ ասած՝ սուտը…

ԳԼԽԱՎՈՐ ՔԻՄԵՌԸ ԵՄ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ համար հայտի ներկայացման ընթացակարգի ռեժիմի հայտարարած մեկնարկն է։ Հանուն այդ քիմեռի Փաշինյանը բարդացրեց հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և հայտարարեց ՀԱՊԿ-ի հետ կամուրջներն այրելու պատրաստակամության մասին, բայց սրան կանդրադառնանք ստորև։

Նորվեգիայի և Շվեյցարիայի սցենարով ինտեգրվելու «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի առաջարկած մոդելը միանգամայն իրատեսական է դիտվում և շատ ավելի հարմար է Հայաստանին, քան իշխող վերնաշերտի անհեռատես քաղաքականությունը՝ ուղղված վերպետական կառույցին անդամակցմանը։ Այդ անդամակցումը ՀՀ-ից պահանջելու է հրաժարվել ինքնիշխանության մի մասից։ Փաշինյանն ու իր թիմի տնտեսական հատվածի անդամներն այդպես էլ չկարողացան պատասխանել ընդդիմադիր պատգամավորների այն հարցին, թե կան արդյոք հստակ տնտեսական հաշվարկներ, թե ինչ կարող է կորցնել և ինչ կգտնի մեր երկիրը՝ շարժվելով ԵՄ-ին անդամակցման ճանապարհով։ Անդամակցումը ենթադրում է շատ ավելի կտրուկ հրաժարում ԵԱՏՄ շուկաներից, քան Կարապետյանի առաջարկած մոդելը, որն, ի դեպ, բավական հաջող իրականացնում էին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։

Խոսքը այն երկրների մասին է, որոնք ԵՄ-ին անդամակցելու խնդիր չդնելով իրենց առջև՝ առավելագույնս մոտեցրել են նրա պահանջներին իրենց օրենսդրությունն ու արտադրական չափանիշները։ «Դա օգնեց Շվեյցարիային չներքաշվել քաղաքական հակամարտությունների մեջ ԵՄ անդամ պետությունների հետ մեկտեղ, իսկ Նորվեգիային՝ խուսափել Արկտիկային տարածքով մոտ լինելու հետևանքով բախումներից»,- ընդգծեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Երկրորդ քիմեռը կապված է Նռնաձորից Ագարակ և Նախիջևան առաջիկա բեռնափոխադրումների հետ։ Եթե Նախիջևանից բեռները շրջանցեն Երասխ-Ախուրիկ հատվածը, ապա հայկական կողմը կզրկվի մեծ եկամուտից։ Խնդիրն այն է, որ երկաթուղին պատկանում է ՀՀ-ին, սակայն կոնցեսիայի է տրվել ՌԴ-ին։ Այս հանգամանքը, ըստ Փաշինյանի, խանգարում է ՀՀ-ի ինտեգրմանը միջազգային երկաթուղային համակարգին։ Նա ասում է, որ հայկական կողմը պիտի հնարավորինս շուտ «մրցունակ վիճակի» բերի Երասխ-Ախուրիկ հատվածը, իսկ դրա համար պետք է, որ ռուսական կողմը վաճառի կոնցեսիան (շահագործման պայմանագիրը) երրորդ երկրի: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անչափ զարմացրեց, որ Փաշինյանը հարցը չի քննարկել ռուսական կողմի հետ…

Քիմեռն այն է, որ չկա մի երկիր, որը պատրաստ է կոնցեսիայի վերցնել ՀՀ երկաթուղին։ Կոնցեսիայի պայմանները, ըստ փորձագետ Արմեն Մանվելյանի, կարող է կատարել միայն ՌԴ-ն, ոչ մի այլ երկիր դրանով չի զբաղվի: «Այդ պայմանները պահանջում են, օրինակ, որ երկաթուղու ավելի քան 3 հազար աշխատողներ չզրկվեն աշխատատեղերից, ընդ որում ռուսական կողմը բազմիցս նշել է, որ երկաթուղին զբաղված մարդկանց այդպիսի քանակի կարիք չունի: Մարդիկ, սակայն, պահպանում են իրենց աշխատատեղերը, քանի որ խոսքը կոնցեսիայի կարևորագույն պայմանի մասին: Ոչ մի այլ երկիր չի ընդունի նման պայմաններ»,- հայտարարեց նա։

Մանվելյանի և այլ մասնագետների կարծիքով, դժվար թե այլ երկրներից որևէ մեկը համաձայնի կոնցեսիայի պայմաններին՝ հաշվի առնելով երկաթուղու վնասաբեր վիճակը, քանի որ Սոթքի հանքավայրի փակումից հետո երկաթուղին զրկվել է տարեկան 1,5 մլն տոննա բեռնաշրջանառությունից, իսկ դա էական վնաս է: Փորձագետները պնդում են նաև, որ ռուսական կողմը կարող է հետ պահանջել իր ներդրումները՝ պատճառաբանելով, որ երկաթուղին աշխատել է վնասով, իսկ ամբողջ շահույթը ծախսվել է ներդրումների վրա: Այլ կերպ ասած՝ այս առումով էլ իրավիճակը մինչև վերջ մտածված չէ, կշռադատված չեն բոլոր կողմ և դեմ տեսանկյունները, ինչը շատ բնորոշ է իշխող վերնաշերտին, որն արդեն 8 տարի Փաշինյանի գլխավորությամբ զբաղվում է պետության փլուզմամբ՝ փոխարենը առաջարկելով քիմեռներ և օդային ամրոցներ։

ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՔՍԵՅ ՇԵՎՑՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, որ գնորդի առկայության դեպքում կոնցեսիան կնստի առնվազն 250 մլն դոլար՝ իրավունքների գնման և ծախսերի փոխհատուցման համար: Շահագործման տարեկան ծախսերը կկազմեն մոտ 40 մլն դոլար։ Եվս մոտ 400 մլն դոլար, նրա խոսքերով, կպահանջի խարխլված հատվածի վերականգնումն Իջևանում, ևս 200 մլն դոլար կպահանջվի Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի վերականգնման համար: Առնվազն 40 մլն կպահանջի Թուրքիայի և Նախիջևանի հետ սահմանամերձ հատվածների վերականգնումը։

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի վերջին հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց, որ Մոսկվայի ու Երևանի միջև երկաթուղու վերաբերյալ համաձայնություն չկա, բանակցությունները չեն ավարտվել կոնսենսուսով: Ուրեմն ինչի՞ հիման վրա Փաշինյանը վարդագույն հեռանկարներ ներկայացրեց ժողովրդին, նորից ստե՞ց։

Կոնցեսիայի վաճառքի մասին ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ հայկական կողմի վերաբերյալ գործածված է «շանտաժ» բնորոշումը։ Նշվում է նաև Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու փորձի մասին։ Նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը չի գնա կոնցեսիայի իրավունքի վաճառքի: Ինչ վերաբերում է Փաշինյանի հիշատակած «երրորդ երկրներին», ապա խոսքը, նրա հավաստմամբ, կարող է վերաբերել շատ վտանգավոր սցենարի, երբ երրորդ երկրին հանձնելու արդյունքում երկաթուղու վերահսկողությունը փաստացի կհայտնվի Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքում…

Անդրադառնալով Փաշինյանի օգոստոսի 25-ի հայտարարությանը, որ ՀՀ-ն մտադիր է առաջիկայում պաշտոնական դիմում ներկայացնել ԵՄ-ին անդամակցության մասին և հանրաքվե անցկացնել այդ հարցով, հարկ է հատուկ ընդգծել, որ գործընթացներին արագացում են տվել, Փաշինյանի խոստովանությամբ, ԵԱՏՄ գործընկերները։ Ասել է թե՝ մինչև օգոստոսի 25-ը ինքը փորձել է համոզել Պուտինին և ԵԱՏՄ գործընկերներին, որ հանրաքվեն տեղին կլինի անցկացնել ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ ներկայացնելուց հետո, հասկացնելով, որ խոսքն ամենևին էլ մոտ հեռանկարի մասին չէ։ Փաշինյանի այդ դիրքորոշումն ակտիվորեն քննադատում էին արևմտամետ գաճաճ ուժերի ներկայացուցիչներ Արամ Զավենիչն ու Արման Բաբաջանյանը, իսկ օգոստոսի 25-ին հանկարծ պարզվեց, որ գործընթացին որոշված է արագացում տալ, իսկ ԵՄ-ին ներկայացնելիք հայտի վրա աշխատանքն արդեն սկսված է։ ԵՄ-ից այդ հայտարարությունն անմիջապես մեկնաբանեցին «բարի գալուստ» ոգով։ Փաշինյանը գործընթացի արագացումը վերագրեց ԵԱՏՄ-ից հնչող պահանջներին, մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ը բաց տեքստով հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցումը «հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին»:

Իրականում ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում, թեկնածուի կարգավիճակ ստանալու համար տարիներ կպահանջվեն, թեկնածուի կարգավիճակով երկիրը կարող է սպասել տասնամյակներ, այդ ամբողջ ընթացքում պետությանը պետք են անվտանգություն և առևտրատնտեսական կապեր. հենց այն ճյուղը, որի վրա այսօր նստած է երկիրը, և որը Փաշինյանն անխնա սղոցում է բոլորի աչքի առաջ։

«Ամենամեղմ հաշվարկներով՝ ԵՄ-ին անդամակցումը ՀՀ-ին կարժենա ՀՆԱ-ի մոտ 23%-ի կորուստ, իսկ աշխատուժի շուկայի զանգվածային կրճատումը և գների աճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման, արդյունքում ներքին սպառումը կկրճատվի ավելի քան 20%-ով։ Կանխատեսվում է նաև էներգակիրների գների աճ»,- հայտարարեց Շևցովը։ Ռուսաստանից անընդհատ մատնանշում են գազի գնի բարձրացման հետ կապված ռիսկերը։ Հայաստանի տնտեսության վերաբերյալ բացասական կանխատեսումները կսկսեն իրականանալ արդեն նոյեմբեր-դեկտեմբերին։ Փաշինյանի կառավարությունն այդ առնչությամբ ոչ մի հիմնավոր հաշվարկ չունի։ Ինչո՞ւ։ Որովհետև կառավարության և ՔՊ խմբակցության անդամների բարեկեցության վրա այդ հանգամանքները ոչ մի կերպ չեն անդրադառնա…

Հետևեք մեզ՝ Facebook Telegram