1987 թ․ Սիրիայից Հայաստան եկավ Արսեն Գրիգորյանը՝ հայ երիտասարդ, ով ցանկանում էր կրթությունը շարունակել պատմական հայրենիքում։ Մեկ տարի անց նա ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ ճանաչված երգիչ Հովհաննես Բադալյանի դասարան, որտեղ և սկսեց վարպետանալ հայ ժողովրդական երգեցողության մեջ։

«ԴԱ ՇԼԱՑՈՒՑԻՉ ՍԿԻԶԲ ԷՐ, ՈՐԸ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԻՆՁ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԸՆԿՂՄՎԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ, իսկ հետո նաև պարարվեստի մեջ, – հիշում է այժմ, տասնամյակներ անց, անվանի երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն: – Կոնսերվատորիայում ուսանելու և տարբեր ծրագրերին մասնակցելու հետ մեկտեղ, մենք՝ հայ ժողովրդի ազգագրական կատարողական արվեստով տարված մի խումբ երիտասարդներս, անմիջապես ներգրավվեցինք Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում անցկացվող ֆոլկլորային փառատոնին: Սա ամենամյա միջոցառում էր, որը միավորում էր բոլոր նրանց, ովքեր ապրում էին իրենց համար շատ հարազատ ազգագրական մշակույթի միջավայրում: Սակայն շուտով ես սկսեցի հասկանալ, որ այս միջավայրը պետք է ընդլայնվի, դուրս գա Պոլիտեխնիկի սահմաններից ու հասանելի դառնա հայ հասարակության այն շերտերին, որոնք հեռու են ավանդական մշակույթից: Չէ՞ որ մեր նախնիների երգերն ու պարերը անբաժանելիորեն կապված են մեր ազգային ինքնության հետ։ Եվ ես սկսեցի մտածել դրանց պահպանելու կարևորության մասին…»:

Անցան տարիներ, որոնց ընթացքում Արսեն Գրիգորյանը ամբողջովին ներթափանցեց ազգային միջավայրի, մշակույթի և դրա պատմության մեջ, և ահա նրա բոլոր մտքերն, իղձերն ու նպատակները միաձուլվեցին մեկ նախագծի մեջ։ Այն էր Ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որը սկիզբ առավ 2014 թ․, ինչպես ասում է Մրոն՝ իբրև կենսական անհրաժեշտություն։ Առաջին փառատոնի մասնակիցների թիվը 10-ից էլ պակաս էր, բայց Մրոյին միացած խմբերն ամենանվիրվածներն էին ազգայինի գաղափարին, վառ էին պահում մեր հին երգերի և պարերի անմար կրակը։ Օրացույցը շարունակում էր թերթել ժամանակի էջերը, և այս տարի Արսեն Գրիգորյանի ստեղծած փառատոնը միավորեց 26 խումբ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից։ Այսօր «Գութանը», ինչպես ի սկզբանե կոչվեց փառատոնը, Հայաստանի ամենավառ ազգագրական երգի և պարի միջոցառումներից է, որին յուրաքանչյուր տարի անհամբեր սպասում են թե հայաստանցիները, թե արտասահմանից ժամանած հյուրերը։
«Առաջին օրվանից ես երազում էի ստեղծել միջոցառում, որը կլինի բացօթյա, անվճար ու հասանելի թե Հայաստանի քաղաքացիներին ու սփյուռքահայերին, թե օտարերկացի զբոսաշրջիկներին, – նշեց Մրոն: – Ես ի սրտե ցանկանում էի, որ բոլորը հնարավորություն ունենան ծանոթանալու հայկական ավանդական երգի և պարի արվեստին: Ինչո՞ւ փառատոնը անվանվեց «Գութան»: Մենք արարող ժողովուրդ ենք, մենք հողի ժողովուրդ ենք, մեր արմատները շատ խորն են հենց այս հողի մեջ դեռևս վաղնջական ժամանակներից: Մեր դարավոր պատմության ընթացքում մենք սովորել ենք, ինչպես ասում են, բարիքներ ստանալ հողից և քարից, և գութանը մեր կյանքում մեծ դեր է ունեցել, օգնել է մշակել հողը, ստանալ բերքը: Ավելին, հայկական երգարվեստում կան բազմաթիվ երգեր, որոնք նվիրված են գութանին և կոչվում են «Գութաներգ», ինչը ևս մեկ անգամ ընդգծում է գութանի կարևորությունը հայերի համար որպես կյանքի խորհրդանիշ: Այդ պատճառով էլ փառատոնի համար ես ընտրեցի այդ անվանումը»:

Առաջին «Գութանը», թեև փոքրաթիվ էր, այնուամենայնիվ նշանակալի դեր խաղաց բուն նախագծի կարևորության ճանաչման գործում։ Փառատոնը առաջին օրվանից նպատակ ուներ պահպանելու, տարածելու և սերունդներին փոխանցելու ազգային երգարվեստն ու պարարվեստը, դրանց կատարման ավանդույթը։ Արսեն Գրիգորյանի համախոհները հասկանում էին, որ պետք է պատասխանատվություն կրեն և ամեն տարի բեմ բարձրանան «Գութանի» ներքո՝ այս «էթնովիրուսը» ժողովրդին փոխանցելու համար: Մրոյի խոսքով, փառատոնը դարձավ «Միասնության աղոթք» ազգային երգերի և պարերի շուրջ՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության այս եզակի շերտի, որի շնորհիվ հայերը հազարամյակներ շարունակ պահպանել են իրենց ինքնությունը, հասնելով մինչև 21-րդ դար:
Փառատոնի հիմնադրումից ի վեր ձևավորվել է բացման արարողության տպավորիչ և խորհրդանշական ավանդույթ՝ բոլոր մասնակիցները հանդես են գալիս «Գութաներգի» միասնական կատարմամբ։ Այդ պահին բոլորի սրտերը բաբախում են նույն ռիթմով՝ ի պատիվ մեր նախնիների արվեստին: Բացման պահին բոլորը պարում են նաև «Մշո խռ», «Յարխուշտա» և այլ ազգային պարեր, ոգեշնչելով ներկաներին։ Եթե առաջին տարիներին «Գութանի» մասնակիցները կատարում էին համարներ իրենց եղած երգացանկից ու պարացանկից, ապա մեկ-երկու տարի անց Արսեն Գրիգորյանը մշակեց փառատոնի հիմնական ձևաչափը, որը գործում է մինչ այսօր։ Խմբերը նախապես ստանում են առաջադրանք՝ մշակել ծրագրեր, որոնք կներկայացնեն երգեր ու պարեր ամողջական Հայաստանից՝ Կիլիկիայից մինչև Արցախ և Ջավախք, Լոռիից մինչև Հայաստանի այլ շրջաններ: Ամեն տարի յուրաքանչյուր խումբ ընտրում է Հայոց աշխարհի տարբեր աշխարհագրական շրջաններ և ուսումնասիրում դրանց բնորոշ ազգագրական երգն որ պարարվեստը։

Մասնակիցների հագուստի նկատմամբ նույնպես մոտեցումը փոխվել է շնորհիվ պատմական հայկական տարազների, գորգերի, կարպետների, զարդանախշերի ու այս ամենի բազմազանության ուսումնասիրության։ Այսօր բացման արարողության ժամանակ ազգային տարազներով հարյուրավոր արտիստներ ստեղծում են բացառիկ տեսարան՝ բեմը վերածելով հայկական կենդանի գորգի, որը խորհրդանշում է հայ ազգի միասնականությունն ու հայկական մշակույթի հարատևությունը։ Ձևավորվել է նաև մի այլ ավանդույթ․ փառատոնը անց է կացվում երեք փուլերով, որոնք են «ՆախաԳութանը», «Գութանականչը» և «Բուն Գութանը»։ «ՆախաԳութանի» ընթացքում, որը սկսվում է փառատոնից մի քանի շաբաթ շուտ, մասնակից-խմբերը Երևանում և մայրաքաղաքից դուրս ելույթ են գալիս համերգներով և ազգային երգի-պարի ինտերակտիվ դասընթացներով, կարծես մարդկանց նախապատրաստում են փառատոնին։ «Գութանականչը» տեղի է ունենում փառատոնի նախօրեին․ բոլոր մասնակիցները դուրս են գալիս, քայլում Երևանի փողոցներով և ազդարարում գալիք տոնի մասին։ Իսկ «Բուն Գութանը» հենց փառատոնն է իր ուրույն ու չափազանց հետաքրքիր ծրագրով։

ԱՅՍ ՏԱՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՍԻՍՈՒՄ, ՄԵՂՐԱՁՈՐՈՒՄ, ԹԱԼԻՆՈՒՄ, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, իսկ օգոստոսի 10-ից սկսած, գրեթե ամեն օր, Երևանի Դիանա Աբգարի անվան այգում (Seasons այգի): «Գութանականչը», որին մասնակցեցին մոտ 500 երգիչներ և պարողներ, նույնպես շատ աշխույժ անցավ, իսկ Ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը կայացավ Երևանում՝ Կասկադի Քանդակների պուրակի տարածքում, որն այդ օրը լեփ-լեցուն էր։ Այս տարվա «Գութան» փառատոնը նաև նշանակալի էր նրանով, որ նվիրված էր ազգային պարարվեստի՝ մեր ժամանակի ռահվիրա Գագիկ Գինոսյանի 60-ամյակին, ով հայ ազգագրական պարի բնագավառում կատարեց նույն սխրանքն, ինչ Կոմիտասը երաժշտության մեջ:
«Գագիկ Գինոսյանը իր ընտրած ուղու նվիրյալն էր, և մեր նախնիների պարարվեստը մոռացությունից պահպանելով, այն ժողովրդի մեջ տարածելով երգարվեստի հետ մեկտեղ՝ նա նպաստեց ազգային ինքնության ամրապնդմանը և մեր ազգակիցների շրջանում «մենք»-ի, այլ ոչ թե «ես»-ի գաղափարի խթանմանը։ Մեր պարտականությունն էր բոլորին հիշեցնել թե՜ նրա առաքելության, և թե՜ իր մասին, հասկանալու համար, որ հանուն սեփական ժողովրդի և նրա ժառանգության ապրող յուրաքանչյուր ոք գնահատվում է, – բացատրեց Մրոն։ – Պատահական չէ, որ «ՆախաԳութան»-ի և «Գութանականչ»-ի ընթացքում փառատոնի մասնակիցները կրում էին Գագիկ Գինոսյանի պատկերով շապիկներ»։

«Գութան-2026»-ի մասնակիցների շարքում էին «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Մասունք», «Ծովակ» և այլ ճանաչված խմբեր Հայաստանի տարբեր վայրերից, «Նժդեհ»-ն ու «Կայծ»-ը Մոսկվայից, «Զարկ»-ը Ռոստովից, «Արմատ»-ը Բելգորոդից և «Խոյակ»-ը Մյունխենից, նաև արցախյան «Մենք ենք մեր սարերը» և «Դիզակ» խմբերը։ Փառատոնի ընթացքում հնչեցին Մուշի, Տարոնի, Սասունի․ Արցախի, Ջավախքի և պատմական Հայաստանի այլ շրջանների երգերն ու կատարվեցին պարերը։
«Գութանը» ոգեշնչեց բոլորին, քանի որ այն մեզ և մեր ազգին նոր արշալույսների հույս է տալիս։ Եվ շատ կարևոր է, որ մենք չկորցնենք մեր իրական հայու տեսակը, որի պահպանման համար իր ամբողջ կյանքով պայքարում էր Գագիկ Գինոսյանը ու որին ձգտում ենք մենք՝ հայ մշակույթի կրողները, – հավատացնում է Արսեն Գրիգորյանը։ – Մեր երգերն ու պարերը հավերժական են. մենք գալիս ու գնում ենք՝ դառնալով մեր նախնիների՝ դարեր շարունակ ստեղծած մշակույթի փոխանցողները։ Մեր խնդիրն է ամրապնդել իրական հայ արվեստի երկարակեցությունը և հայու տեսակի, հայկական գենի շարունակականությունը»։
Լուսանկարներ՝ Տիգրան ՄԱԴՈՅԱՆ
